Նորություններ

«Սրանից 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չկար, չէինք կարողանո՞ւմ շնչել, չէինք կարողանում ապրե՞լ. երկրի ճակատագիրը չի կարելի կապել մեկ մարդու հետ». Վ.Հարությունյան

«Արտահերթ ընտրությունների մասին պետք է հայտարարվեր 2020թ. նոյեմբերի 10-ին կամ 10-ից մի քանի օր հետո»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հայտարարվեր, որ իշխանությունները գնում են արտահերթ ընտրությունների, որովհետև, ըստ էության, նրանք տապալել են իրենց խոստումները, պատերազմում պարտություն են կրել, և երկիրը վտանգի մեջ է. պետք են նոր ընտրություններ, որոնք հնարավորություն կտան ելքեր գտնելու:

«Բայց իշխանությունները չգնացին այդ քայլին և հիմա են գնում, որովհետև ստիպված են, և այլ ելք էլ չկա: Իհարկե արտահերթ ընտրությունները ճգնաժամի լուծում է, բայց եթե նոյեմբերին հայտարարվեր այդ մասին:

Մենք բավականին մեծ ժամանակ կունենայինք պատրաստվելու համար, և զգացմունքները հանդարտված կլինեին, լարվածությունը մի քիչ կմեղմվեր, և ընտրողը ազատ կլիներ հույզերից ընտրությունների ժամանակ:

Մենք հիմա քիչ ժամանակ ունենք հանդարտվելու համար, բայց մենք պետք է ընտրություններին գնանք հանդարտված:

Հիմա իմ ամբողջ հույսը ոչ թե քաղաքական գործիչների, իշխանությունների վրա է, այլ իմ հույսը հանդարտված ընտրողի վրա է, այսինքն՝ ընտրող, ով կկարողանա ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում»,- ասում է Հարությունյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ժողովուրդը միշտ նույնն է 2019-ից առաջ, 2019-ից հետո, բայց այլ հարց է, որ մարդիկ հակված են տարվելու, հավատալու մեծ փոփոխությունների մասին խոստումներին:

«Մենք բոլորս ենք հավատացել, որ 2018թ. իշխանության եկած ուժերը, եթե ոչ իրենց տված խոստումների 100%-ը, գոնե 15-20%-ը կկարողանան կատարել, և դա մեզ համար կլիներ ցանկալի և շատ լավ: Պարզվեց, որ այս մարդիկ, ովքեր այսօր իշխանության են, կարողանում են միայն ականջահաճո ելույթներ ունենալ, որևէ լուրջ փոփոխություն նրանք այս տարիների ընթացքում չեն իրականացրել, ավելին՝ նրանք մեզ տարել են պատերազմի և ամոթալի պարտության: Այսօր վտանգված է մեր երկիրը, մեր երկրի ապագան, մեր երկրի սահմանները: Եվ այն մարդիկ, ովքեր գնում էին այս մարդկանց հետևից, այդ մարդկանց շարքերը նոսրացած կլինեն:

Ես կցանկանայի, որ սրանց հետևից ընդհանրապես գնացող չլիներ, ես ինքս էլ եղել եմ այն մարդկանցից մեկը, ով այս իշխանության հետ հույսեր է կապել, բայց այսօր նրանց հետ որևէ հույս չեմ կապում, որովհետև գիտեմ, որ տապալում են նրանք ցանկացած ոլորտ և խոստանում են ու ոչինչ չեն անում:

Հիմա ինչքան մարդ կլինի նրանց հետևից գնացող, ցույց կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»:

Վարդան Հարությունյանին զարմացնում է այն հարցը, երբ ասում են՝ լավ, ո՞վ լինի վարչապետ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանից 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չկար, չէինք կարողանո՞ւմ շնչել, չէինք կարողանում ապրե՞լ։ Եթե էդպես է, ես առաջարկում եմ իմ 5-րդ հարկի հարևանին, չնայած նրա անունը չգիտեմ, բայց ո՞վ լինի, եթե ոչ նա:

Երկրի ապագան, երկրի ճակատագիրը չի կարելի կապել մեկ մարդու հետ. կլինի դա Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը»,- նշեց Հարությունյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ եթե փոփոխված ԸՕ-ով ենք գնում ընտրությունների, ապա նորմալ քաղաքական պայքար է լինելու քաղաքական ուժերի միջև:

«Եթե հանկարծ հետ կանգնեն իրենց խոստումից և գնան հին ԸՕ-ով, ապա պայքարը լինելու է ֆինանսական ռեսուրսների, թաղային հեղինակությունների միջև, որի արդյունքում մենք չենք ունենալու խորհրդարան, որը արտացոլելու է քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ Ես ինքս հույս ունեմ, որ կփոխվի ԸՕ, և մենք կունենանք պառլամենտ, որը եթե ոչ լրիվ, ապա գոնե մասնակի կարտահայտի երկրում առկա քաղաքական ուժերի իրական դասավորությունը:

Եթե լինեն այնպիսի ընտրություններ, ինչպիսին մենք ենք ակնկալում՝ օրինական, ազատ, արդար, և եթե ընտրողը կգնա ընտրությունների՝ սառը դատողությամբ ընտրություն կատարելու, ապա երկրի բոլոր ոլորտներում կլինեն բեկումնային փոփոխություններ: Եթե մենք հերթական անգամ կխաբվենք պոպուլիստական կարգախոսներին, փողին, կենթարկվենք թաղային հեղինակությունների ճնշումներին, ապա կարող ենք ունենալ շատ ավելի վատ վիճակ, քան այսօր է»,- եզրափակում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

 Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close