Նորություններ

«Ինձ վրա ճնշումներ չեն եղել». Օնիկ Գասպարյանի հայցը վերադարձրած դատավոր

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից Վարչական դատարան ի սկզբանե ներկայացվել է երկու հայցադիմում` երկու տարբեր պահանջներով։ Մի հայցը ներկայացվել է անվավեր ճանաչելու պահանջով, երկրորդը` առոչինչ ճանաչելու պահանջով։ Երկու հայցադիմումները մակագրվել են մեկ դատավորի, երկուսով էլ դատավորն արտահայտել է միեւնույն դիրքորոշումը` գտնելով, որ 2 հայցատեսակը սխալ է, դատավորը մատնանշել է ճիշտ հայցատեսակը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Աջափնյակի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից մեկը վերադարձրած Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։

Դատավորը նշեց, որ արդյունքում կա հետեւյալ պատկերը. «Երկու հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնել է դատարանի կատարած մատնանշմանը, ըստ դրա շտկել է, ներկայացրել է կրկին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ։ Այնուհետեւ ներկայացվել է երրորդ հայցը, որը կրկնել է նախորդ հայցը` առոչինչ ճանաչելու վերաբերյալ, եւ իմ նախագահությամբ մատնանշվել է նույն հայցատեսակը, ինչ նախորդ դատավորը։ Արդյունքում մենք ունենք վարույթ ընդունված մեկ գործ»։

Դատավորն, անդրադառնալով քաղաքական ճնշումներին, ասաց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Ինչ վերաբերում է Օ.Գասպարյանի մյուս վարչական հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի վրա գործադրած ճնշումներին, դատավորը պատասխանեց, որ ինքը տեղեկություն չունի։

Հարցին՝ արդյոք ինքը համարո՞ւմ է, որ դատական համակարգն անկախ է գործադիրից, դատավորը պատասխանեց. «Ինձ համար կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն եւ չունենալ։ Եթե դատավորն ունենում է ներքին անկախություն, ապա կարծում եմ, որ որեւէ իշխանության ճյուղ չի կարող նրա վրա ճնշում գործադրել»։

Back to top button
Close