«Եթե մենք նպատակ չենք դնում Շուշին վերադարձնելու, ուրեմն իմացեք՝ Հայաստան չի լինելու». Ավետիք Իշխանյանը՝ «Կարևորի մասին»
«Այն ազգը, որը չունի նպատակ, դատապարտված է վերացման»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում կարծիք է հայտնել, որ զավեշտալի է այս իրավիճակում և Փաշինյանի ղեկավարությամբ կազմակերպվող ընտրությունների հարցը քննարկել:
«Հայաստանի հարցը ընտրությունների հետ կապված բացարձակապես ընտրական օրենսգիրքը չէ: Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է գործող իշխանության կողմից: Դեռևս չի եղել դեպք, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանություն փոխվի… և ընտրական օրենսգիրքը բացարձակապես նշանակություն չունի: Բերեք աշխարհի ամենաիդեալական օրենսգիրքը, Հայաստանում չի աշխատի: Բերեք երկու էջի վրա ես գրեմ մի ընտրական օրենք, և եթե Հայաստանը լինի իրավական պետություն, դա կաշխատեր: Այսինքն այդ բանավեճերը, համամասնական, ռեյտինգային… ինձ համար ծիծաղելի է»,- նշում է Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը պնդում է՝ եթե Փաշինյանը վստահ չլիներ, որ վերարտադրվելու է, չէր գնա ընտրությունների, և որևէ վերահսկողություն չի կարող իրավիճակից ելք լինել, քանի որ, ըստ նրա, «Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները վերահսկողության վրա թքած ունեն»:
Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ ամենամեծ խարանը ժողովրդի ճակատին եղավ այն, որ պարտությունից հետո Փաշինյանն առ այսօր շարունակում է մնալ իշխանության ղեկին:
Ըստ նրա՝ հաջորդ խայտառակությունը և չջնջվող խարանը կլինի այն, որ ընտրությունների արդյունքում նա վերարտադրվի և շարունակի պաշտոնավարումը:
«Դա կլինի խայտառակության խարան ոչ միայն հայ ժողովրդի՝ իրեն հարգող ներկայացուցչի համար, այլ նաև ամբողջ աշխարհի կողմից վերջնական արհամարհված: Փաստորեն ի՞նչ է դուրս գալիս. պարտվում ես, պարտված իշխանությունը մնում է իշխանության ղեկին, հետո պարտված իշխանությանն ընտրում ես… Սա որևէ բացատրություն չունի ողջամիտ տրամաբանություն ունեցող մարդու համար՝ անկախ ազգային պատկանելիությունից»:
Անդրադառնալով հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին իշխանությունների հայտարարություններին, մասնավորապես Փաշինյանի՝ Արագածոտնու մարզում արված շեշտադրումներին, իրավապաշտպանը նշում է.
«Սա արժանապատվությունից զուրկ անձի խոսքեր են. պատմական հիշողություն չունեցող, ազգային և մարդկային արժանապատվություն չունեցող մարդու խոսքեր են…
Սա ես համարում եմ, որ իսկապես մեծ ծրագիր է, և այդ ծրագրի մասնակիցն է վարչապետը, որ Հայաստանը դառնա, այսպես ասած, «թուրքական գավառ»»:
Ավետիք Իշխանյանը նշում է՝ կողմ է հարաբերությունների շտկմանը միայն այն դեպքում, երբ Շուշին հետ կբերենք և Արցախի կարգավիճակը կորոշվի Ադրբեջանից դուրս: