ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նիկոլ Փաշինյանը գործում է այս սկզբունքով. ես վերցրի իշխանությունը, ես չպետք է հանձնեմ իշխանությունը, երբե՛ք… ինքը եկել է հավերժ»

«Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է «նախկին», ինքը սուտ է խոսում, իրենից ավելի նախկին այսօր գոյություն չունի». Երվանդ Վարոսյան

Քաղաքական շրջանակներում քննարկման առանցքում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: Հետպատերազմական Հայաստանում հետին պլան է մղված կարևորը՝ ինչու մենք ունեցանք անդառնալի կորուստներ, ովքեր են պատասխանատուները, որն է լինելու մեր երկրի ռազմավարությունը, անելիքները՝ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Այս դիսկուրսի բացակայությունը փաստաբան Երվանդ Վարոսյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ չկա սպառողը, քիչ մարդկանց է հետաքրքրում այն:

«Ուզենք-չուզենք, դիսկուրսը հրապարակ բերողը միշտ իշխանությունն է: Իսկ մեր իշխանությունը երեք տարի է պսևդոհեքիաթներ է հրամցնում հասարակությանը՝ նախկինների, ներկաների պայքարով երեք տարի պահում են: Ինչ-որ թալան-թալանից են խոսում: Իրենք արդեն երեք տարի է ուղիղ մեկ անձից գնումներով են պետական ամբողջ գնումներն իրականացնում մեկ օրվա ստեղծված ՍՊԸ-ներով, բայց խոսում են թալանից: Ինչո՞ւ… որովհետև հասարակությունն այն մակարդակի է, որ դա հեշտությամբ սպառում է»,- նշում է Երվանդ Վարոսյանը:

ԳԱԼԱ«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե հասարակության առողջ հատվածը կկարողանա՞ պարտադրել, որ սպասվող քարոզարշավին նախկիններ-ներկաներ «թեզերը» մի կողմ մղվեն և ընտրողին ներկայացվի կոնկրետ անելիքների տեսլական, նշեց՝ «Ժողովուրդը պետք է մոռանա Նիկոլ Փաշինյանի գոյության մասին ու գնա ընտրության»:

«Շանսը հետևյալն է. եթե կարողանա հակառակ կողմը չեմ ասում միավորվել, բայց կոնսոլիդացվել նրա շուրջ, որ պիտի լինի իրոք գաղափարական պայքար, պետք է հասարակությանը հստակ ծրագրեր, հստակ ելքեր, հստակ դեմքեր առաջարկել: Դա հնարավորություն կտա մեր հասարակությանը մի պահ մոռանալ Նիկոլ Փաշինյանի գոյությունը առհասարակ ու հասկանալ, որ չէ, այստեղ ընտրելու բան կա, կարելի է ընտրել: Եթե մենք գնալու ենք կրկին այդ «մերժի՛ր» գաղափարով, «մերժի՛ր Նիկոլին» ու վերջ, դա խաղալու է Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև իրենից լավ մերժող չկա, իրենից լավ ստող չկա, իրենից լավ մանիպուլյացնող չկա ու չի լինելու»:

Երվանդ Վարոսյանը կարևորում է նաև այն, որ ընտրության գնացող քաղաքական ուժերը չվախենան գնահատական տալ Նիկոլ Փաշինյանից առաջ տեղի ունեցածին:

«Ակնհայտ է, որ հասարակության առնվազն գերակշիռ մասը Փաշինյանին չի ընդունում, բնազդաբար հասկանում է, որ այդ մարդը կործանելու է ամեն ինչ մինչև վերջ, արդեն հասկանում է, որ ինչ հնարավոր էր, արդեն կործանեց, դեռ հարց է՝ մենք որպես ինչ հիմա գոյություն ունենք: Հասարակության այդ մեծամասնությունը հասկանում է, որ ինքը դեռ ոչինչ չգիտի՝ ինչ է տեղի ունեցել… Իրենից թաքցնում են ամեն ինչ, վերջին երեք տարում ինչ է տեղի ունեցել՝ ինքը չգիտի, ինչ է տեղի ունեցել պատերազմում՝ ինքը չգիտի, ինչու եղավ այդ պատերազմը՝ ինքը չգիտի, ինչքան կորուստներ մենք ունեցանք՝ ինքը չգիտի… բայց հիմա գնում է ընտրության»:

Back to top button
Close