Նորություններ

Պետք է հասկանանք, որ Ադերբեջանի և Թուրքիայի նպատակն է ոչնչացնել հայոց պետականությունը, այլ ոչ թե գովաբանենք Ալիեւի ժպիտը. Դավիթ Բաբայան

Այն ինչ կատարվեց Ջրականում կամ Ջեբրայիլում դա բարբարոսություն է, Ալիեւը խախտում է նաեւ Ղուրանի սկզբունքները ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ջեբրայիլից անհետացել է Զորավար Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:

«Երբ մենք խոսում ենք Ջեբրայիլի մասին պետք է հաշվի առնենք, որ այդ տեղամասը ունի բիբլիական նշանակություն: Եվ դրա մասին նաև վկայում է տեղանքի անունը, ի՞նչու է այն կոչվում Ջեբրայիլ: Ըստ հին ավանդության՝ Ջեբրայիլը այն տեղն է, որտեղ մարդիկ մի քանի անգամ տեսել են հրեշտակապետ Գաբրիելին: Եվ այնտեղ հիմնվել է ավան, որին տրվել հրեշտակապետի անունը։ Ջեբրայիլը դա Գաբրիելն է», — նկատել է Արցախի արտաքին գործերի նախարարն ու նշել, որ եկեղեցու տեղը պատահական ընտրված չի եղել։

Դավիթ Բաբայանը շեշտել է՝ այն ինչ այսօր անում է Ադրբեջանը դա սատանայական քաղաքականության դրսեւորում է: «Հարված է հասցվում և քրիստոնեությանը, և հայ ժողովրդին, և մահմեդականությանը ՝ բուն հավատքին: Այսինքն` այսպիսի քայլերին միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի: Ալիևը կոպտորեն խախտում է նաև Ղուրանի սկզբունքները, քանի որ այնտեղ գրված չէ, որ պետք է ոչնչացվի քրիստոնեական, կամ առհասարակ որևէ պաշտամունք: Սա ևս մեկ հակահայկական, հակակրոնական քայլ է, դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է», — ասաց Բաբայանը:

«Փաստինֆո»-ի նկատառմանը, որ պատերազմից հետո Ադրբեջանի գործիչները շարունակում են հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ չթաքցնելով իրենց նկրտումները հայկական հողերի նկատմամբ։ Օրինակ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը տարօրինակ չհամարեց։ «Ւնձ համար երբեմն տարօրինակ են ոչ թե Ադրբեջանի քայլերը, այլ հարցերը, որոնք առաջացնում են այդ քայլերը: Միթ՞ե մենք չգիտենք թե ինչու է Ադրբեջանը դա անում:

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ոչնչացնել հայոց պետականությունը: Եվ այսօր իրենց թիրախը Սյունիքն է, իսկ վաղը կլինի Երևանը: Նրանք չեն հրաժարվել այդ ամենից, մենք պետք է հասկանանք այս ամենը: Այլ ոչ թե գովաբանենք Ալիևի ժպիտը նրան համեմատելով Ջակոնդայի հետ», — նշեց Դավիթ Բաբայանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button