Նորություններ

Արցախի Ազգային ժողովը հրավիրել է հերթական լիագումար նիստը

Մարտի 25-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը ,որից հետո անցել պարտադիր քննարկման հարցերին:

Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին հարցն էր:

ՄԻՊ պաշտոնում ԱԺ-ին «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը առաջադրել է ԱՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է 3 կողմ,1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը թեկնածուի օգտին:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանը առանձացրել է իր գուրծունեության երկու հիմնական ուղղություն՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը և ՀՀ ՄԻՊ, սփյուռքահայ կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ համագործակցությունը: «ԱՀ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերած բարձր վստահություն և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը չունեմ»,-իր խոսքն ամփոփել է ՄԻՊ թեկնածուն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ՄԻՊ պաշտոնում ընտրվել է Գեղամ Գարիի Ստեփանյանը:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հարցը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Աժ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հաշվեքննիչ պալատի անդամի համար առաջադրված Հրայր Մարգարյանի թեկնածության օգտին:

Թեկնածուն հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում գործունեությունը կծառայեցնի պետական և համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների օգտագործման օրինականության պահպանմանը:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ 24 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ 6 տարի լիազորություոնների ժամկետով Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Հրայր Կառլենի Մարգարյանը:

Ընդմիջուից հետո քննարկման են ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթները:

Back to top button