Նորություններ

«Նռնաձոր գյուղի տարածքում GPS-ի հետ կապված խնդիրներ ունեինք. հիմա հետ են քաշվել, նորմալ է արդեն»

«Մեղրիում այս պահին կյանքը բնականոն ընթացքի մեջ է. մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, իրենց հոգսերով: Մեզ մոտ չկան սահմանագծման աշխատանքներ, դրանք Շուռնուխում և Որոտանում են իրականացվում, և մեզ հետ առնչվում է այնքանով, որքանով մեր ճանապարհն է այդտեղով անցնում: Նռնաձոր գյուղի տարածքում GPS-ի հետ կապված խնդիրներ ունեինք, բայց ռուս սահմանապահների շնորհիվ ադրբեջանցիների հետ բանակցելով՝ խնդիրը լուծվեց։ Հիմա հետ են քաշվել, նորմալ է արդեն»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

«Ընդհանուր առմամբ մեզ համար ամենամեծ խնդիրը անորոշությունն է: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հայտարարում են, որ Մեղրիով միջանցք է լինելու առանց ՀՀ ընթացակարգերը պահելու, այսինքն՝ տպավորություն է, որ իրենց հոր տունն է, Ադրբեջանից մտնելու են, Նախիջևանով դուրս գան: Քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից հակադարձում չկա, դա արդեն տարատեսակ եզրահանգումների, քննարկումների տեղիք է տալիս»,-նշեց Զաքարյանը:

«Ես մի դեպքում ընդունելի կհամարեմ, եթե Մեղրու տարածք օտարերկրացին մտնի միայն մեր պետության ընթացակարգերը (մաքսային ձևակերպում, սահմանային հսկողություն և այլն…) պահպանելով: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ, ինչպես իրանական տրանսպորտային միջոցներն են մտնում Հայաստան, այսինքն՝ Մեղրիով մտնում են կամ Երևան են գալիս, կամ տրանզիտով հասնում են Վրաստան:

Մնացած բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ միջանցքի տրամադրումը սուվերենության կորուստ է, որը ընդունելի չէ»,- եզրափակեց Մեղրիի համայնքապետը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close