Նորություններ

«Ռուս խաղաղապահների ներկայությունը որոշ մարդկանց մոտ վստահություն ներշնչում է, իսկ որոշների մոտ՝ ոչ». Ստեփանակերտը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին

Պատերազմից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հետզհետե վերադառնում է նախկին բնականոն կյանքին. իհարկե կան որոշակի դժվարություններ ու խնդիրներ, բայց պատերազմից հետո շատերն են  վերադարձել Արցախ:

«Հետպատերազմական  Արցախում իրավիճակը նորմալ է, կարելի է ասել բնականոն»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ստեփանակերտցի 22-ամյա Մարիամ Գևորգյանը:

«Քաղաքում շատ են մարդիկ, կամաց-կամաց պատերազմի փոշին ուզում է վերանա, շատերն արդեն վերադարձել են իրենց աշխատանքին: Արցախում այսօր առաջնահերթ խնդիրներն են մարդկանց զբաղվածության և տեղեկացվածության ապահովումը  և իհարկե սոցիալ-տնտեսական վիճակի կայունացումը:

Դեռևս սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվում, բայց  դրանք ժամանակից շատ ուշ են փոխանցվում, կան դեպքեր, երբ դեկտեմբեր ամսվա վարձերը և այլն դեռ չեն տվել:

Պիտի հիմնական ինչ-որ բան ստեղծվի, որոնք մարդկանց մշտական զբաղվածությամբ և աշխատանքով կապահովեն: Մարդկանց մշտական եկամուտ է պետք, սոցիալական  ծրագրերը ինչքան էլ լավը լինեն, արդեն հերիք է, որովհետև դրանք չեն կարող երկարաժամկետ լինել: Եթե ուզում ենք, որ մարդիկ մնան ու երկիրը  պահեն, պիտի առաջնահերթ այս  հարցերին լուծում տալ:

Դու չես աշխատում, իսկ քո փոխարեն առանց աշխատանքի «ավելի լավ» Արցախ են կառուցում, բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրերով։ Կառուցելու համար մարդկանց մեջ աշխատասիրություն պիտի մնա, իսկ դրա տեմպը գնալով անհատույց զրոյացվում է, փոխարենը կառուցվում է սոցիալական փաթեթի ուղղություն բռնած ուղեղային կենտրոն»,-նշում է Մարիամը:

Ըստ նրա՝ Արցախում գազի  խնդիր կարծես թե չկա, լույսերն  են ընթացքում անջատվում, ինտերնետ  կապի խնդիր է առաջանում, որը կարգավորվում է:

Մարիամի խոսքով՝ ռուս խաղաղապահների  ներկայությունը որոշ մարդկանց մոտ  վստահություն ներշնչում է, իսկ որոշների  մոտ՝ ոչ. մարդիկ սուբյեկտիվ մոտեցում ունեն:

«Արցախի հանձնված տարածքներից տեղահանված արցախցիներին դեռևս  չեն ապահովել  մշտական բնակարաններով, բայց շինարարություն է ընթանում, նրանց համար բնակարաններ են կառուցվում:

Դե իսկ արդեն շաբաթ-կիրակի օրերին հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ մնացած հայկական եկեղեցիներ՝ նախապես գրանցվելով»:

Մարիամ Գևորգյանն ասում է՝ չնայած դժվարություններին և խնդիրներին՝ Արցախում կյանքը շարունակվում է:

Անահիտ Չալիկյան

Back to top button