«Աշխարհում չկա մարդ, որ չուզենա խաղաղ ապրել, բայց այս պարագայում իշխանությունների այդ խաղաղասիրական հայտարարությունները ժամանակավրեպ են և ոչ տեղին». թուրքագետ

Հայաստանին ի՞նչ կտա կոմունիկացիաների բացումը, և առհասարակ հայ-թուրքական դրացիական հարաբերություններն արդյո՞ք իրատեսական են այն համատեքստում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները բացեիբաց հայտարարում են Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց նկրտումների մասին:
Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:
«Ընդհանրապես շատ նորմալ և դրական եմ համարում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը՝ անկախ պատմության մեջ եղած տարաձայնություններից և խնդիրներից:
Նման դեպքեր մենք աշխարհում շատ ենք տեսնում, այսինքն՝ երբ նախկինում իրար թշնամի երկրները, որոնք տարիներ առաջ իրար դեմ պատերազմել են, հիմա դարձել են շատ լավ հարևաններ ու բարեկամներ:
Մեր պարագայում սպեցիֆիկ իրադրություն է. Թուրքիան և Ադրբեջանը պետական մակարդակով որևէ քայլ չեն անում իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ թշնամանքի վերացման համար:
Իրենք դեռևս Հայաստան պետության մասին խոսում են վիրավորական արտահայտություններով, դիվանագիտական էթիկայից զուրկ բառապաշարով, որոնք անընդունելի են միջազգային դիվանագիտական բառապաշարում:
Բացի դրանից՝ Հայաստանը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից հետո որևէ քայլ չի արել՝ սահմանների բացման դեպքում հնարավոր ռիսկերի կանխման համար:
Նոյեմբերի 9-ից հետո պետական այդ կարևորագույն ինստիտուտները, որոնք պարտավոր են ապահովել սահմանները բացելուց հետո հնարավոր ռիսկերի հակազդումը, իրենց ֆունկցիաները չեն իրականացնում լիովին, որովհետև երկրի կառավարման համակարգում քաոս է»,- հայտարարեց թուրքագետը:
Իսպիրյանի կարծիքով՝ կոմունիկացիաների բացումը՝ առանց այս երկու կարևոր խնդիրների լուծման, կարող է բավականին վատ հետևանքներ ունենալ։
Հայաստանի իշխանական և մերձիշխանական շրջանակները, այսպես ասած, խաղաղասիրական թեզերով են ներկայանում, խոսում են համակեցության մասին. այս ժամանակահատվածում արդյո՞ք նպատակահարմար է խոսել այդ ամենի մասին այն դեպքում, երբ թուրքերն ու ադրբեջանցիները չեն զլանում գրեթե ամեն օր հանդես գալ հակահայկական հայտարարություններով:
Հարցադրմանն ի պատասխան՝ Անդրանիկ Իսպիրյանը հայտարարեց.
«Աշխարհում չկա մարդ, որ չուզենա խաղաղ ապրել, բայց այս պարագայում իշխանությունների այդ խաղաղասիրական հայտարարությունները ժամանակավրեպ են և ոչ տեղին:
Իրավիճակն այնպիսին է, որ ներկա բազմաթիվ գերիներ կան Ադրբեջանում, և Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին՝ չնայած պայմանավորվածությանը, որ բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, այսինքն՝ այս համատեքստում ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել: Հասարակությունը ցանկանում է խաղաղ ապրել, բայց խաղաղ ապրել չի նշանակում անտեսել և թքած ունենալ կարևոր նշանակության խնդիրների վրա:
Թուրքիան և Ադրբեջանն էլ պետք է քայլեր անեն այդ ուղղությամբ, այսինքն՝ իր հասարակության վերաբերմունքը պիտի փոխվի հայի և Հայաստանի նկատմամբ, և որևէ առարկայական քայլ այդ ուղղությամբ չի անում:
Դա կապված է նաև մեր իշխանությունների վարած անկարող քաղաքականության հետ»,- եզրափակում է թուրքագետը:
Անահիտ Չալիկյան