Նորություններ

«Հայաստանի քաղաքական վերնախավը հանձնված է ռուսական ողորմածությանը. այնտե՛ղ է որոշվում, թե երբ և ինչ կարելի է ասել ու անել»

Հայաստանում տևական ժամանակ քննարկվում էր արտահերթ ընտրության շուրջ կոնսենսուսի գալու հարցը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց: Հիմա, երբ արդեն հայտնի է ընտրությունների օրը, շատ քաղաքական ուժերի մոտ կան որոշակի մտավախություններ՝ կապված գործող ընտրական օրենսգրքի, իշխանական ռեսուրսների հնարավոր օգտագործման եւ այլ հարցերի հետ:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել  Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան, արդեն հայտնի է արտահերթ ընտրությունների օրը, ի՞նչ սպասել այդ գործընթացից, և արդյո՞ք կարող ենք ասել, որ արտահերթ ընտրություններ անցկացնելով լուծվելու է ներքաղաքական ճգնաժամը, թե՞ այն պարզապես լինելու է ժամանակավոր լուծում:

-Եթե արտահերթ ընտրությունների անցկացման գոնե մոտավոր ժամկետի մասին հայտարարվեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, թեկուզ հենց նույն հունիսի 20-ը, ապա փոխատելության, թշնամանքի, խրամատավորման ու անզիջումության այս լարված մթնոլորտը չէինք ունենա: Ձեր մտահոգ հարցադրումը միանգամայն տեղին է, թե արտահերթը կարո՞ղ է լուծել ներքաղաքական ճգնաժամը: Ինքս էլ թերահավատ եմ. կարծում եմ՝ նույնիսկ կարող է խորացնել այդ լարվածությունը՝ հասցնելով եթե ոչ նախընտրական բախումների, ապա հետընտրականի՝ հաստատ: Եվ արդյո՞ք այդպիսի վիճակը մեզ՝ պատերազմ տանուլ տված երկրի համար մեծ շռայլություն չէ: Հիմա պետք է անել հնարավորը, որպեսզի մթնոլորտի գոնե որոշակի լիցքապարպում լինի, այլապես հակառակորդը չի հապաղի օգտվել մեր քաոտիկ վիճակից: Իսկ այդպիսի գործիքակազմ կա. ուրիշ բան, որ իշխանությունն այն չի տեսնում կամ արտոնություն չունի կիրառելու:

-Վարչապետը ժամանակ առաջ հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա, որովհետև դրա համար չկա նաև հանրային պահանջ: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, արդյո՞ք իշխանությունն այլընտրանք չուներ:

Միքայել Հայրապետյան

-Վարչապետը մեր երկրի այս անորոշ վիճակի բարոմետրն է, ամենահարազատ ցուցիչը. երբեմն թվում է՝ ինքն էլ շփոթահար է ու հստակ չի պատկերացնում իր անելիքը, ասելիքը: Ոչ միայն ճգնաժամն էր օրեցօր խորանալու, այլև ուժերի հարաբերակցությունը. որքան ուշ հայտարարվեր ու արվեր այդ արտահերթը, այնքան ի վնաս վարչապետի էր լինելու և հօգուտ ռեստավրացիայի ջատագովների: Այդ մասին մեր յոթնյակը հրապարակավ հուշել է բազմիցս:

-Եվ իշխանությունը եւ ընդդիմությունը պնդում էին, որ արտահերթ ընտրությունները ճգնաժամի հաղթահարման միակ ելքն է, եթե հնարավոր լինի կոնսենսուսի գալ մյուս քաղաքական ուժերի հետ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր ձգձգվում գործընթացը:

-Չեմ կարծում, թե կոնսենսուս է ձեռք բերվել եղանակ ստեղծող հիմնական ուժերի միջև, այլ միայն խորհրդարանական «ընդդիմադիր» կուսակցությունների: Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի քաղաքական վերնախավը հանձնված է ռուսական ողորմածությանը. այնտե՛ղ է որոշվում, թե երբ և ինչ կարելի է ասել ու անել: Ամենայն հավանականությամբ, հիմա՛ է թույլ տրվել որոշակի ժամկետի մասին ազդարարել: Այլապես հայաստանյան քաղաքական բոլոր միավորներն էլ հասկանում էին, որ ձգձգումն ի վնաս Հայաստանի է, որ ձգձգմամբ առանց այդ էլ դժվարհաղթահարելի շոկի տակ կքած ժողովուրդն ավելի կկոտորակվի ու այլևս անկարող կլինի փոքրիշատե դիմադրություն ցույց տալ ռուս-թուրքական պլանի գոնե ամենահակահայ պահանջներին:

Ցավոք, մեր իշխանություններին չբավարարեց քաղաքական կամքը, որպեսզի ինքնուրույնաբար արտահերթի ժամկետ նշանակեին հենց ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Այդ հապաղումը թույլ տվեց, որ Բաղրամյան պողոտայում երազեին ռեստավրացիայի մասին: Համաշխարհային պատմությունն աներկբայորեն ցույց է տվել նման տասնյակ օրինակների ներքին տրամաբանությունը:

-Քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը, մրցակցային առումով ինչպիսի՞ պայքար է լինելու, և ի՞նչ կարծիք ունեք արտահերթ ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած ուժերի մասին:

-Պետք է փաստել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն այդպես էլ ամբողջությամբ վարչապետինը չդարձավ. այսինքն՝ այդտեղ կլինեն մտահոգիչ զարգացումներ: Շատ ակնառու չի լինի կաշառման նախընթաց պրակտիկան, որ հաջողվել էր կասեցնել 2018թ. ընտրությունների ժամանակ, բայց փողի գործոնը դարձյալ գլուխ կբարձրացնի՝ պարտադիր չէ, որ անմիջական գնման եղանակով: Ամենից ցավալին այն կլինի, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմության փողոցային հայտ ներկայացրածները ամեն գնով կխուսափեն բուն գաղափարական և բուն քաղաքական պայքարից: Կխաղան մեկ դարպասի վրա, կխաղան սև-սպիտակի անիծյալ կեղծիքի դաշտում: Նրանք կմոլորեցնեն, թե ամենևին էլ քաղաքակրթական-անվտանգային ճամփաբաժնի վրա չենք, ու կփորձեն ամենից հավատարիմ ռուսահաճներ երևալ, քանի որ գիտեն, թե Հայաստանում այս ընտրությունների արդյունքները պլանավորվելու են Կրեմլում: Ու դրա դեմ ոչինչ չեն անի՝ անկեղծ չեն լինի սեփական ժողովրդի հետ:

Վարչապետի թիմն ապացուցել է, որ ինքը զտարյուն ռուսական մոտեցում ունի. հիշենք պատերազմի ընթացքում ֆրանսիական առաջարկները մերժելու, սկանդինավյան խաղաղապահներից միանշանակորեն հրաժարվելու, իսկ մինչ այդ էլ ռուսական զորքերի կազմում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ Սիրիա հայկական կռվողներ ուղարկելու մասին (ի դեպ, այդ մասին ամերիկյան կողմը չզլացավ հենց այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել): «Բարգավաճ Հայաստանն» ասում է, որ «կպայքարի հակառուսության դեմ», թեև Հայաստանում հակառուսություն ոչ եղել է, ոչ էլ կա: «Լուսավոր Հայաստանը» շտապում է առաջինը հայտարարել Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու իր ցանկության մասին: Չի կարելի բացառել, որ իշխանությունը կփորձի արևմտյանի քողի տակ խորհրդարան անցկացնել ևս մի միավոր. այդ գավառական կեղծիքը՝ «շուստրիությունը», մենք տեսել ենք նախընթաց բոլոր խորհրդարաններում:

Մենք կունենանք դարձյալ միանժար խորհրդարան, որ ոչ միայն պատմությունից դասեր չի քաղում, այլև հենց սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեզ հետ կատարված աղետից: Եվ դա բացելու է իրական աղետի ճանապարհը: Պետք է հնարավորինն անել, որպեսզի ազգային պետության կարգավիճակից չիջնենք ազգային օջախի կարգավիճակի, իսկ հիմա հենց այդ ճանապարհին է մեր երկիրը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close