Նորություններ

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Human Rights Watch-ի հրապարակած՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին: Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներն անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, և հետագա բռնությունների ռիսկ կա: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:

Ամերիկացի կոնգրեսականը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Ադամ Շիֆը նաև ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը:

Շիֆի հավաստմամբ՝ գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը:

«Վճռական գործողությունների ժամանակը հիմա է»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

1lurer.am

Back to top button
Close