Նորություններ

«Վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք համաճարակի երրորդ ալիքի հետ, կա դեպքերի տարիքային շեմի երիտասարդացման միտում, ինչը շատ մտահոգիչ է»

«Վստահաբար կարող ենք ասել, որ  գործ ունենք համաճարակի երրորդ ալիքի հետ, և դա փաստում է ամենօրյա աճող տեմպով վարակակիրների, հիվանդանոց դիմող պացիենտների թիվը: Դա է պատճառը, որ հանրապետությունում նորից վերաբացվեցին փակված covid կլինիկաները: Հիմա էլ երբեմն հոսպիտալացման խնդրի առաջ ենք կանգնում ազատ մահճակալների, երբեմն էլ  չբավականացնելու պատճառով:

Կորոնավիրուսի թվերի  կտրուկ աճի պատճառով համապատասխան կլինիկաները վերապրոֆիլավորվում են, որպեսզի  հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդները չմնան տանը՝ հերթին սպասելով»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-թերապևտ Վլադիմիր Ծուղունյանը՝ անդրադառնալով երկրում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին:

Բժշկի խոսքով՝ այսօր  այս պատկերն ունենք, որովհետև  համընդհանուր զգոնությունն է թուլացել, ինչպես նաև սահմանափակումների թուլացման հետևանքն էլ կա:

«Երբ մեր գործը համաճարակի  առաջին ալիքի հետ էր, ավելի թեթև էր ընթացքը և քիչ էին ծայրահեղ ծանր դեպքերն ու մահվան դեպքերը։ 2-րդ ալիքից սկսած՝ ես, լինելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչ, կարող եմ հստակ ասել, որ էականորեն շատացան նման դեպքերը։ Նույն պատկերն է նաև  հիմա 3-րդ ալիքի դեպքում, միայն մի տարբերությամբ, որ ունենք այդ դեպքերի տարիքային շեմի երիտասարդացման միտում, ինչը շատ մտահոգիչ է։

Ցավոք սրտի, մահվան դեպքերը  չեն նվազել, եթե նույնիսկ համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, հիմա բավականին շատ են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը»,- շարունակեց բժիշկը:

«Առողջապահական  համակարգը պատրաստ է դիմակայելու համաճարակին, որովհետև  նախկին երկու ալիքների փորձը, կարծում եմ, շատ մեծ էր, և  համակարգը ի զորու է հավուր պատշաճի նաև   համավարակի երրորդ ալիքին  դիմագրավել»:

Covid-ի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է արդյոք արդյունավետ լինել։ Հարցին  ի պատասխան՝ Վլադիմիր Ծուղունյանը  հայտարարեց.

«Այո, միանշանակ կարող է, չնայած, որ պատվաստանյութերի թեման միշտ էլ խնդրահարույց է եղել ցանկացած հիվանդության պարագայում, բայց ի վերջո ապացուցվել է դրանց օգտակարությունը»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ  մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close