Նորություններ

«Վաղը ամենայն հավանականությամբ փակվելու է «Մարտի 1-ի» գործով Ռ․Քոչարյանի քրեական հետապնդման հարցը. հերթական ապտակը»

Փաստաբան Տիգրան Եգորյանը սոցցանցի իր էջում գրել է.

Նորից Սահմանադրական դատարանի մասին
Նորից ձախողված իրավական քաղաքականության մասին
Նորից դատական իշխանության անձնական և խմբային շահեր սպասարկող կոռումպացված արատավոր ցանցից և դրա գործակալներից ազատման, մաքրման եթե կուզեք վեթինգի մասին

Վաղը՝ 23.03.2021թ․ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության մասին դիմումները։
Քննելու է Ա․Դիլանյան, Ա․Վաղարշյան, Է․Շաթիրյան, Ա․Խաչատրյան, Ա․Թունյան, Ե․Խունդկարյան, Ա․Պետրոսյան և Հ․Թովմասյան կազմով։

Նախօրեին բոլորովին ոչ պատահականորեն ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռ․Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու և գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումների վերաբերյալ բողոք(ներ)ը և որոշեց որ 25.06.2019թ․ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է բեկանել ամբողջությամբ և ուժի մեջ թողնել ՍԴ դիմելու` Դավիթ Գրիգորյանի որոշումը։ Սա նաև ժամանակին ապահովում է վաղն այդ հարցով ՍԴ գործի քննության խոչընդոտների վերացումը։

Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և 12-ին ներկայացրել էինք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, ամբաստանյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումի (20.05.2019թ. որոշում) և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։

Այնուհետև 06.07.2020թ. ներկայացրել ենք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, ամբաստանյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումի (20.05.2019թ. որոշում) և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։

Նույն օրը ներկայացրել ենք առանձին դիմում Հրայր Թովմասյանի` նույն գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։

Նույն օրը ներկայացրել ենք դիմում իրավահաջորդներին գործի քննությանը մասնակից և/կամ երրորդ անձ:

2020 թվականի հունիսին ընդունվեցին Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ:

Հիշյալ փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցին Սահմանադրությամբ սահմանված նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հետևանքով, իսկ Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը դադարեց:

Հիշյալ փոփոխությունները հիշատակված ՍԴ անդամների կողմից, ինչպես նաև այսօր ՍԴ դատավոր հանդիսացող Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի կողմից որակվեցին որպես քաղաքական նկատառումներով հետապնդում որն առավելապես պայմանավորված է «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

Հիշյալ պնդումներն ըստ վերը նշված անձանց հրապարակային հայտարարությունների տեղ են գտել նաև նրանց Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան (այսուհետ՝ Դատարան) ներկայացված գանգատներում:

Հ․Թովմասյանի ՄԻԵԴ գանգատով ներկայացրած/բացահայտած դիրքորոշումն առ այն որ նրա` Ռ․Քոչարյանի գործով դիրքորոշումն է ընկած Սահմանադրական փոփոխությունների հիմքում ակնհայտորեն լրացուցիչ և նոր հիմք է նրա` այդ գործի քննության անթույլատրելիության։

Չգիտեմ, թե ինչով է զբաղված ԱԺ ներկայացուցիչն այս գործով, սակայն այս կապակցությամբ զոհերի իրավահաջորդների բարձրացրած վերը ներկայացված խնդիրների նկատմամբ անհաղորդ կեցվածքը հերթական լուրջ ձախողման բաղադրիչ է լինելու։

Կարծում եմ, որ վաղը ամենայն հավանականությամբ Ա․Խաչատրյան, Ա․Թունյան, Ե․Խունդկարյան, Ա․Պետրոսյան և Հ․Թովմասյան խումբը փակելու է «Մարտի 1-ի» գործով Ռ․Քոչարյանի քրեական հետապնդման հարցը` հերթական ապտակը հասցնելով ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, ինչը հետևանք է դատական իշխանության անկախության և անկողմնակալության ապահովման իրավական քաղաքականության հարցում ցավալի ձախողման։

Back to top button
Close