Նորություններ

Սահմանադրական դատարանը վաղը կքննի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումները

Վաղը ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստ:

Դեկտեմբերի 7-ի աշխատակարգային նիստում ՍԴ-ն որոշում էր ընդունել 2021 թվականի մարտի 23-ին Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության օր նշանակելու մասին։

Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում փաստաբան Արամ Վարդեւանյանն է։

2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ավելի ուշ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։

Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում:

Վաղը ժամը 13:00-ին էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Back to top button
Close