Նորություններ

«Հին օրենսգրքով գնալ ընտրությունների ձեռնտու է միայն երկու խաղացողներին՝ գործող իշխանությանը և նրանց, ում ժողովուրդը 2018թ. ամբողջ կազմով, ծավալով մերժել է». Ն.Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ գնալ ընտրությունների գործող Ընտրական օրենսգրով նշանակում է՝ ա) հնարավորություն տալ, որ գործող իշխանությունը օգտագործի վարչական ռեսուրս կոչվող գործիքը, բ) հանցավոր ռեժիմի վերադարձը:

«Հին օրենսգրքով գնալ ընտրությունների ձեռնտու է միայն երկու խաղացողներին՝ գործող իշխանությանը և նրանց, ում ժողովուրդը 2018թ. ամբողջ կազմով, ծավալով մերժել է:

Ցավոք սրտի, չփոփոխված ԸՕ-ով նրանք շանս են ստանում վերադառնալ: Գործող իշխանությունը իր անգործությամբ տանում է դեպի նախկին իշխանության վերադարձին, եթե չփոխի Ընտրական օրենսգիրքը»,- ասում է Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը հիշեցնում է, որ 2018թ. քվեարկություն եղել է ԸՕ հետ կապված:

«Փաստացի ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ժամանակին քվեարկել են այս օրենսգրքի օգտին, այսինքն՝ գաղափարը ինքնին բոլորին ծանոթ է, բոլորը տեղյակ են և գիտեն: Ասել, որ սա նորություն է, սա նոր խաղի կանոններ են, որը ոչ ոքի ծանոթ չէր, սա ազնիվ չէ և որևէ աղերս չունի իրականության հետ:

Օրենսգրքի չփոփոխմանը շահագրգիռ են 2 կողմեր՝ նրանք, ովքեր փորձելու են խաղարկել օլիգարխիայի փողերը, փորձելու են օգտագործել թաղային խուժանին և կրիմինալին, և նրանք, ովքեր ունենալու են վարչական ռեսուրսներ:

Որևէ այլ խաղացողի սա ձեռնտու չէ, առավել ևս ձեռնտու չէ ժողովրդին»,-շարունակում է իրավապաշտպանը:

Ըստ Կարապետյանցի՝ եթե վերջնական հաստատված չէ ընտրությունների անցկացման փաստը (այսինքն՝ դա եղել է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մակարդակով), բավարար չէ համարելու համար, որ ընտրությունները վստահաբար լինելու են:

«Որովհետև վարչապետը կարող է իր գրառումը փոխի և ասի, որ փոշմանել եմ՝ ընտրություններ չենք անելու: Այնպես որ, քանի դեռ օրենքով հաստատված չէ, կուսակցություններն էլ չեն շտապում հայտարարել, որ մասնակցելու են, համոզված եմ, որ շատ-շատերն են մասնակցելու»,- շարունակում է իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցը, անդրադառնալով իշխանության այն պնդումներին, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և հնարավոր չէ ԸՕ փոփոխել, հայտարարեց.

«Դա ամենակեղտոտ մանիպուլյացիան է, որ իշխանությունները փորձում են կիրառել՝ համոզելով, որ մենք չենք հասցնի, ժամանակ չունենք, որ պետք է հանձնաժողովներով անցնենք:

Հավատացնում եմ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է իրականացնել այդ փոփոխությունները: Բոլոր իրավական հիմքերը կան՝ օրինական անցկացնեն այդ փոփոխությունները և անցնել փոփոխությունների նոր օրենսգրքով:

Ցանկացած գործողություն, որ ուղղված կլինի ԸՕ չփոփոխելուն, ես դա կհամարեմ դավաճանություն:

Ընտրությունների գնալը ինքնանպատակ չէ, որովհետև ընտրությունների գնալու արդյունքում մենք պետք է ունենանք որակական փոփոխություն:

Եթե ընտրությունների արդյունքում վերադառնալու են գրեթե նույն կազմով և բովանդակությամբ քաղաքական ուժեր, եթե պիտի հետընտրական բողոք կամ դժգոհություն առաջացնեն, ապա իմաստ չկա այդ ընտրությունների մեջ»,- եզրափակում է իրավապաշտպանը:

Անահիտ Չալիկյան

 

 

 

Back to top button
Close