Նորություններ

«Իշխանության դիրքերը զգալիորեն թուլացել են, և այս առումով վակուում է առաջացել. տարբեր տվյալներով մոտ 40% անորոշ ընտրազանգված կա»

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց, որ իր համար միանգամայն սպասելի էր նման որոշումը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, որ ճգնաժամի միակ հանգուցալուծման ճանապարհն էր, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը չուներ բավարար ձայներ՝ իմփիչմենթ հայտնելու Նիկոլ Փաշինյանին, արտախորհրդարանական ընդդիմությունը և փողոցային պայքար մղող ընդդիմությունը չունեին ռեսուրսներ փողոցային պայքարի միջոցով իշխանությանը ստիպելու գնալ հրաժարականի: Միակ սահմանադրական ճանապարհը արտահերթ ընտրությունների գնալն էր, չկար այլ ճանապարհ: Պետք է ասել, որ իշխանությունը այս հարցում ցուցաբերեց ողջամտություն, զոռբայություն չարեց, և հասկացան, որ այդպես չի կարող շարունակվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության կեցվածքն էլ ընդհանուր առմամբ նորություն չէր.

«ԲՀԿ-ն հավանաբար մտածում է, որ կա անորոշ ընտրազանգված, իշխանության դիրքերը թուլացել են, և կարելի է այս իրավիճակն օգտագործելով՝ ավելի ամրապնդել քաղաքական դաշտում իր դիրքը և, ինչու ոչ, հնարավորության դեպքում նաև իշխանության գալ»,- շարունակեց Վարդանյանը:

Թե քաղաքական որ ուժն ինչ ֆորմատով ներկայացվածություն կունենա ընտրություններին, քաղաքագետը դժվարանում է այս պահին կանխատեսումներ անել:

Արմեն Վարդանյան

«Քանի որ նոր է հայտարարվել արտահերթ ընտրությունների մասին, դեռ շատ կուսակցություններ միմյանց հետ կմտնեն բանակցությունների մեջ: Կարծում եմ, որ կուսակցությունների մի մասը կփորձի դաշինքով մտնել խորհրդարան:

Քաղաքական առևտուր միշտ է եղել, կարծում եմ՝ այս անգամ էլ կլինի, բայց այս պահին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, որովհետև դեռևս չեն ձևավորվել դաշինքները, և դեռևս պարզ չէ՝ ինչ ԸՕ-ով ենք գնալու արտահերթ ընտրությունների:

Շատերի մոտ նույնիսկ մտավախություն կա, որ իշխանությունը կարող է դիտավորյալ չընդունի Ընտրական նոր օրենսգիրքը, և նախկին ռեյտինգային համակարգով անցկացվեն ընտրությունները»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում մեծ վակուում կա.

«Իշխանությունն ակնհայտորեն նախկին 70%-անոց իշխանությունը չէ, այդպիսի ընտրազանգված չունի, իշխանության դիրքերը զգալիորեն թուլացել են, և այս առումով վակուում է առաջացել: Տարբեր տվյալներով մոտ 40% անորոշ ընտրազանգված կա, որը այս պահին դեռևս չի կողմնորոշվել՝ որ քաղաքական ուժին է ձայն տալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս առումով ընտրությունները նաև հնարավորություն են ստեղծում քաղաքական ուժերին՝ պայքարելու անորոշ ընտրազանգվածի համար: Եթե նախորդ ընտրություններին իշխող ուժի հաղթանակը կասկած չէր հարուցում, այս անգամ այդպես չէ, և մյուս կուսակցությունների մոտ էլ հույսեր են առաջացել, որ կարող են իշխանությունը վերցնել ընտրությունների միջոցով»:

«Մտավախություն կա, որ նախորդ անգամվա նման խորհրդարան կանցնեն որոշ չափով իհարկե ապաքաղաքական դեմքեր: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ ռեյտինգային ընտրակարգն ավելի շատ ռեսուրսների պայքար է, քան գաղափարների:

Այս ընտրակարգով ընտրողները նախապատվությունը տալիս են ծանոթ-բարեկամ, ԽԾԲ սկզբունքին, և այստեղ շատ կարևոր է, թե ով ինչպիսի ռեսուրսներ ունի, գաղափարները մղվում են երկրորդ պլան:

Դա է պատճառը, որ շատ հաճախ խորհրդարանում հայտնվում են մարդիկ, ովքեր քաղաքականությունից շատ հեռու են, և դա, բնականաբար, ազդում է խորհրդարանի որակի վրա: Ռեյտինգային համակարգը ստեղծում է ոչ մրցակցային պայմաններ, որը ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքներից մեկն է»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց.

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշված է վարչապետի հայտարարության մեջ:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close