Նորություններ

«ԴՆԹ փորձաքննությունների գործընթացը դեռևս ավարտված չէ. 169 մարմնից և մասունքներից վերցված փորձանմուշները պետք է ենթարկվեն կրկնակի փորձաքննության». ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 12-ին Գյումրի կատարած  իր առաջին աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, որ օրական 30-33 զոհված զինծառայողների մարմինների նույնականացում են իրականացնում: Նախարարը հույս էր հայտնել, որ առաջիկա 20 օրվա ընթացքում պետք է որ զոհված զինծառայողների ԴՆԹ փորձաքննական գործընթացն ավարտվի:

Չնայած Ավանեսյանի հավաստիացումներին՝ զինծառայողների հարազատների շրջանում կա հասունացող դժգոհություն՝ կապված նույնականացման գործընթացի հետ։ Նրանք ամիսներ առաջ են հանձնել ԴՆԹ նմուշ, սակայն դեռևս անորոշ սպասման մեջ են։

«ԴՆԹ փորձաքննությունների գործընթացը դեռևս ավարտված չէ: 14.03.2021 թվականի դրությամբ կատարվել է աճյուններից  և մասունքներից վերցված թվով 2094 փորձանմուշների նույնականացում, 169 մարմնից և մասունքներից վերցված փորձանմուշները պետք է ենթարկվեն կրկնակի փորձաքննության»,- այս մասին ԳԱԼԱ-ի  հարցմանն ի պատասխան՝ փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հարցին, թե որո՞նք  են ԴՆԹ փորձաքննական գործընթացի ձգձգման պատճառները, նախարարությունից արձագանքեցին.

«Ինչ վերաբերում է ամիսներ առաջ փորձանմուշ հանձնելուն և մինչ օրս պատասխան չստանալուն, ապա դա պայմանավորված է նրանով, որ հարազատից վերցված փորձանմուշից անջատվել է ԴՆԹ պրոֆիլ, սակայն մինչ օրս նույնականացում չի եղել, ինչը բացատրվում է աճյունից  և/կամ մասունքից վերցված փորձանմուշից այս պահին ԴՆԹ պրոֆիլի բացակայությամբ»:

ԳԱԼԱ-ն զրուցել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի հետ:

«Մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ  գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1503 աճյուն, որից մեկը հայտնաբերվել է այսօր Ջրականի ուղղությունից:

Նախնական տվյալներով՝ ենթադրվում է, որ հայտնաբերված աճյուններից 23-ը քաղաքացիական անձինք են, իսկ մյուսները ռազմական գործողությունների մասնակիցներ:

Ըստ երևույթին ամենաշատ աճյունները հայտնաբերվել են Արցախի հարավային հատվածներից, որտեղ թեժ մարտեր են եղել (Հադրութ, Ֆիզուլի, Ջրական):

Բոլոր տարածքներում մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել. հիմա մենք աշխատում ենք այն հատվածներում, որտեղ ուղեկցողները (սպաներ, ժամկետային զինծառայողներ),  հստակ գիտեն իրենց ընկերոջ կամ որևէ մեկի տեղը, ով զոհվել է այդ տարածքում, և գնում ենք այդ քարտեզի հետքերով»,- եզրափակեց Հունան Թադևոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close