ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մի պահ չհավատացի աչքերիս, նորից կարդացի պաշտոնական տեղեկատվությունը, շրջվեցի տղաների կողմն ու անորոշությամբ ասացի՝ տղե՛ք, պատերազմ է սկսվել». 19-ամյա զինծառայողի պատմությունը

Գյումրեցի Լևոն Դավթյանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արցախյան երկրորդ  պատերազմը:

«Ընտանիքիս տեսել էի երդմնակալությանս արարողության ժամանակ։ Անցնում էր ժամանակը, մի օր լավ, մի օր վատ։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե մեզ ինչ էր սպասվում ընդամենը մի քանի օր հետո, թե ինչ փորձության միջով կանցնենք, և թե ինչպես կփոխվի մեր կյանքը։ Ծառայությանս սկզբի վեց ամիսը անցա հատուկ պատրաստություն, որից հետո տեղափոխեցին Գորիս՝ Խնձորեսկ գյուղի զորամաս։ Բավականին հեշտ ու արագ հարմարվեցի պայմաններին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողը:

Լևոն Դավթյանն ասում է՝ սեպտեմբերի 27-ը դարձել է իր  կյանքի կարմիր գիծը, որը կիսեց իր ապրած 19 տարիները:

«Կիրակի էր, հերթապահը մեզ արթնացրեց. մենք ունեինք 45 րոպե ժամանակ՝ հագնվելու, լվացվելու, մեզ կարգի բերելու, անկողինը հարդարելու և շարվելու համար։ 7։45 արտաքին տեսքի ստուգատեսից հետո ժամը 8։00-ին պետք է մտնեինք ճաշարան նախաճաշելու։ Խնձորեսկի աշխարհագրական դիրքը թույլ էր տալիս պարզ եղանակի դեպքում հեռվում տեսնել Սանասարը (Կուբաթլուն), Իշխանաձորը և հարակից գյուղերը, իսկ հեռվում նշմարվում էր Ջրականի (Ջաբրայիլի) լեռները, 7։20 րոպե, երբ ծխախոտս հանգցնելուց հետո հայացքս մի պահ թեքեցի դեպի Սանասարի կողմ ու տեսա երկնքում 2 վառ կարմիր լույսեր, որոնք արագ սուրալով մխրճվեցին այդ ուղղությամբ գտնվող լեռների մեջ, մի պահ քարացա՝ չհասկանալով, թե տեսածս իրողությունը ուղղակի տեսի՞լք էր, թե՞ իրականություն։ Հրամանատարներիցս մեկը շնչակտուր մտնելով զորամաս, բարձր գոռաց՝ «տագնա՜պ», և միացվեց ազդանշանը։ Վերցրի զենքս, զրահաբաճկոնս և սաղավարտս, ստորաբաժանմանս տղաների հետ վերցրինք նաև մեզ պատկանող մի շարք արկղեր՝ զենքի և զինամթերքի, և շտապ կերպով վազեցինք դեպի ավտոհավաքակայան, ամբողջը տեղադրեցինք մեր մեքենայի մեջ, զբաղեցրինք մեր տեղերը մեքենայում»,- պատմում է 19-ամյա զինծառայողը:

Նրա խոսքով՝ մտածել են,  որ հերթական ուսումնական տագնապն է:

«Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեր դասակը երբեք չի փայլել այդ վարժությունից, և միշտ վերջնական արդյունքի հասել ենք 15-20 րոպեում։ Այդ ժամանակ դեռ ոչ մեկը չէր մտածում, որ սա հենց այն պահն է, որի համար այսքան ժամանակ կատարել էինք այդ հոգնեցուցիչ վարժությունները։ Ընդհանրապես այդ վարժությունը կատարելուց հետո տալիս էին «թողնել» հրամանը, սակայն այս անգամ ուշացավ այդ երկար սպասված հրամանը։

Ինչպես բոլորս գիտենք, «չի կարելի» բառը ավելի է գրգռում մարդու հետաքրքրությունը և ցանկությունը արգելված գործողության նկատմամբ, և ես ինձ թույլ էի տվել խախտել այդ արգելված գործողություններից մեկը և ինձ մոտ պահել սմարթֆոն։ Երբ նստած էինք դեռ մեքենայում, ինձ մոտ առաջացավ հետաքրքրություն, մի՞թե հնարավոր է ինչ-որ մարտական գործողություններ են սկսվել։ Ծոցագրպանիցս հանեցի հեռախոսս, մտա ֆեյսբուք և հենց առաջին բերված գրառման մեջ կարդացի՝ Արցախում վերսկսվել են մարտական գործողությունները, թշնամին, գործի դնելով  իր տրամադրության տակ եղած ամբողջ զինանոցը, հարձակում է սկսել շփման գծի ամբողջ երկայնքով։

Մի պահ չհավատացի աչքերիս և նորից կարդացի հետևյալը և հասկանալով, որ ընթերցում եմ պաշտոնական տեղեկատվություն, շրջվեցի տղաների կողմն ու անորոշությամբ ասացի։

-Տղե՛ք, պատերազմ է սկսվել։

-Ոնց թե, հլը տուր նայեմ, ասաց ընկերս՝ Դավիթը, ում հետ ծառայում էի արդեն 9 ամիս։

Դավիթը վերցրեց հեռախոսս ու սկսեց ուշադիր և բարձրաձայն կարդալ տեղեկատվությունը։ Ես նայեցի համածառայակիցներիս ու ընկերոջս դեմքին ու տեսա, թե ինչպես վայրկենական փոխվեց նրանց դեմքի արտահայտությունը։ Մեքենայում բացի ինձնից նստած էին նաև 7 հոգի, և բոլորի դեմքի արտահայտությունը տարբեր էր, սակայն ինձ ամենաշատը հետաքրքրեց մեր դասակի Կարենի արցունքները, նա մեր մեջից ամենաերկար ծառայածն էր ու հենց դրա համար էլ երևի չափից շատ հուզվեց, նրա զորացրվելուն մնացել էր 4 ամիս:

-Հը, Կար, ի՞նչ եղավ, հարցնում եմ.

-Մնացել է 4 ամիս, որ հասնեմ տուն, ու հիմա սկսվեց պատերազմը, բա որ հետ չգանք, բա որ մի բան լինի։

-Կար, պատերազմ ենք գնում, բոլորս էլ մեռնելու ենք, հիմա ավելի լավ չի՞ ուրախ գնանք, ժպիտով, որ գոնե իրար ժպիտով հիշենք, վերջին օրերս մի քիչ ուրախ լինենք։

Կարենը լուռ նայեց դեմքիս, և բոլորը մի պահ սկսեցին նայել ինձ մի քիչ վախեցած դեմքով։

-Սրտներիդ մոտ մի ընդունեք, տղերք, կատակ եմ անում, մենք ինչպես գնում ենք, նույն ձևով հետ ենք գալու, էլի իրար հետ ենք լինելու։ Ոչ մի վայրկյան չկասկածեք»:

Լևոնն ասում է. «Պատերազմը ինձ ստիպեց վերանայել կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը ու պատկերացումները, եթե պատերազմից առաջ մենք ու մասնավորապես ես բողոքում էի առօրյա թեթև բաներից, կենցաղային թեթև խնդիրներից, երբեմն բողոքում էի իմ կյանքից, պատերազմի ժամանակ հասկացա, որ յուրաքանչյուրս, ով տվյալ պահին գտնվում էր այնտեղ, ուղղակի մի բան էինք ուզում, ապրել էինք ուզում բոլորս, ուղղակի ապրել, սակայն ապրելու ցանկությունը ոչ մեկիս մոտ այնքան մեծ չէր, ինչքան հաղթելու և թշնամուն կանգնեցնելու ցանկությունները:

Հենց այդ ցանկությունները բարձր դասելով էլ զոհվեցին մեր ընկերները, մեր համածառայակիցները, ում հետ կապված էր ամեն օրս, ում հետ նույն սեղանին հաց էինք ուտում, նույն տեղում քնում, արթնանում և կազմակերպում մեր առօրյան։

Պատերազմի ժամանակ եզակի պահերին, երբ արցունք էր գալիս մեր աչքերին, դրանք ոչ թե վախի կամ դժվարությունների համար էին, այլ մեր զինակից ընկերների կորստի համար:

Առաջնագծում կռվող զինվորը ամենաառաջինը մտածում է ընտանիքի մասին, հետո միայն մտածում է հայրենիքի և ազգի մասին:

Երբ չափից դուրս ծանր պահեր էին լինում, ու թեթև հուսահատություն էր իջնում մեր ուսերին, ես դասակիս տղաներին քաջալերում էի հետևյալ մտքով. «Տղեք, պատկերացրեք, եթե հիմա էս բլուրի գագաթին մենք ենք կանգնած թուրքի առջև, մտածեք, որ բլուրի հետևում ձեր ընտանիքն է, եթե մենք չկանգնենք թշնամու առաջ, ապա մեր ընտանիքն է անպաշտպան մնալու ոսոխի դիմաց»: Այս միտքը միշտ օգնում էր մեզ մի պահ ուշքի գալ և ինքնակազմակերպվել»,- շարունակում է Լևոն Դավթյանը:

«Պատերազմից ամենաշատը իմ մեջ տպավորվել է ընդհանուր զորքի ոգևորությունը: Անկեղծ՝ չէի պատկերացնի, որ մեր սերունդը կկարողանա նման տրամադրությամբ և ոգևորությամբ մեկնել պատերազմ և կռվել, երբեք չեմ մոռանա այդ օրերը, այդ ոգևորությունը, այդ կրակը, որ կար մեր աչքերում։ Ոչ մի հիշողություն չեմ ցանկանա ջնջել, ամեն պահը մինչև հիմա աչքիս առաջ է, հենց այդ պահերն են, որ տղային դարձնում են տղամարդ, այդ հիշողություններն են, որ սովորեցնում են յուրաքանչյուր պարագայում կարողանալ արագ և ճիշտ որոշումներ կայացնել:

Հետո այդ հիշողություններն են, որ միշտ վառ են պահում մեր հերոս եղբայրների հիշատակը:

Ոչ ոք պատերազմից չի վերադառնում առաջվանը, ինչը որ առաջ մի կերպ էինք նայում մարտաֆիլմերում, դրա ավելի դաժան տարբերակը տեսանք մեր աչքերով, ինչը ավելացրեց մեր հոգեբանական տարիքի թվանշանները:

Ամեն անգամ, երբ արկ էր իջնում մեզ վրա, աչքերս փակում էի, պայթյունից հետո մի կերպ աչքերս բացում էի՝ հասկանալու՝ ո՞ղջ եմ, թե՞ արդեն ուրիշ իրականության մեջ եմ, հենց դա էլ փոխեց մեզ ամբողջովին»:

19-ամյա զինծառայողի խոսքով՝ պատերազմին պատրաստ էինք, մենք բանակում ամեն օր լսել ենք այն արտահայտությունը, որ հնարավոր է այդ օրը գա.

«Ամեն մեկս գործի դնենք մեր ողջ գիտելիքները և ներուժը հայրենիքի պաշտպանության գործում։ Իսկ տեխնիկապես պատրաստվածությունը, կարծում եմ, ցույց տվեց վերջնական արդյունքը»,- պատմում է Լևոն Դավթյանը:

Նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության մասին հիվանդանոցում է իմացել.

«Նոյեմբերի 9-ը հակասական զգացողությունների օր էր, և ուրախությունը, և տխրությունը պարուրել էր ինձ, ուրախ էի, քանզի այդ օրը ընտանիքս Գյումրիից եկավ Գորիս ինձ տեսակցության, դա վերջին 10-11 ամիսներին 2-րդ տեսակցությունս էր: Զինվորի համար ամենքաղցր բանը ընտանիքի հետ հանդիպումն է, բայց ավելի մեծ էր տխրությունը, քանզի բոլորս էլ հասկանում էինք, որ հայրենիքից շատ մեծ ու կարևոր հատված ենք կորցրել, վիշտը շատ ծանր էր, ընտանիքիս հետ հանդիպումը նույնիսկ չեղավ այնպիսին, ինչպիսին առաջին հանդիպումս էր, բոլորս լուռ էինք ու տխուր»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close