Նորություններ

Գյումրիում այսօր տեղի ունեցած սպանության գործով մի շարք անձինք են հարցաքննվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։ Այսօր Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2021թ. մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի, նրա հորաքրոջ որդու և նույն հարևանի կնոջ հետ, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։ Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարևանը մահացել է տեղում, իսկ վերջինիս կինը, որը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, և հորաքրոջ որդին՝ ձեռքի շրջանում ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» և բժշկական միջամտության արդյունքում նրանց կյանքը փրկվել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և hիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք , որ սպանվածը տաքսու վարորդ էր: Չի բացառվում, որ կատարվածը վենդետա է: Բանն այն է, որ սույն թվականի հունվարի 30-ին Արագածոտնի մարզում Ռ. Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով մահացել էին ուղեւորներ Հ. Թ.-ի հայրն ու եղբայրը։

Back to top button