Նորություններ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. 4 անչափահաս տղաներ հիվանդանոցում մահացել են, 1-ը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 4 հոգի մահացել են:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close