Նորություններ

«Ադրբեջանը վերադարձնում է այն մարդկանց, ում վրա դաժան վերաբերմունքի հետքերը չկան»

Իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ դեռ նախորդ շաբաթվա ընթացքում սպասում էին հայ գերիների նոր խմբի վերադարձին, սակայն որոշակի ներքաղաքական զարգացումները խոչընդոտեցին դրան։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով իշխանականների պնդմանը, հայտարարեց.

«Գերիների երկկողմանի վերադարձը որևէ առումով կապված չէ և չի էլ կարող կապված լինել ներքաղաքական որևէ գործընթացի հետ:

Դա ասողները բացարձակապես պատկերացում չունեն այդ գործընթացների մասին: Գերիների թիվը, որ այսօր մենք ունենք, բացատրվում է շատ պարզ իրողությամբ՝ դեռ ողջ, դեռ մարտերի մեջ գտնվող, ագրեսիան հետ մղող զինվորները հանձնվել են Ադրբեջանին՝ տարածքների հետ միասին, այն տարածքների, որոնք նշված են եռակողմ հայտարարության մեջ: Դրանից հետո այդ գործընթացի մեջ հայկական կողմը՝ հանձինս այսօրվա իշխանության, որևէ հեղինակություն չունի»,- հայտարարեց Ալավերդյանը:

«Իրենց բոլոր գործողություններն ունեն այն հատկանիշները, որոնցով քրեական օրենսգրքում՝ լինի դա 28-րդ, 29-րդ, 30-րդ գլուխը, այդ բոլորը համարվում են ծանր հանցագործություններ, այդ թվում սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ: Մենք ականատես ենք լինում խմբապետության, և այդ խումբը շարունակում է ծառայել այլ ազգային շահերի, չեմ կարծում, որ այս ամենը կարող է անվերջ շարունակվել:

Ժողովրդի այն մասը, ովքեր համաձայն են լինել Թուրքիայի վիլայեթ, կազմում են չնչին փոքրամասնություն, բայց որ այդպիսինները կան, դա պարզ է»,- շարունակում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Ալիևն ասում է, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, գերեվարվածներին Ադրբեջանը դիվերսանտ է ներկայացնում: Ինչպե՞ս է հնարավոր նրանց վերադարձի հարցի լուծմանը հասնել:

Հարցին ի պատասխան՝ Ալավերդյանը հայտարարեց.

Լարիսա Ալավերդյան

«Հստակեցնենք, որ այդ հայտարարությունն իրենից ներկայացնում է միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումներ:

Դրանք դատապարտելի են, և միջազգային պրակտիկան ունի այդպիսի մեթոդներ: Կասեմ, որ միայն չնչին մեխանիզմներ են, որոնք օգտագործվում են Հայաստանի պետական մակարդակով: Մյուս ուղիները կապված են պառլամենտական դիվանագիտության հետ: Ես պառլամենտական դիվանագիտության մասին չունեմ որևէ դրական բան ասելու, որովհետև այն, ինչ մինչև հիմա արվում է, արվում է էնտուզիազմի և հիմնականում 2-3 պատգամավորների ուժով և դա այն պարագայում, երբ Ադրբեջանը 33 տարի այդ դաշտում վարում է անթաքույց տեղեկատվական պատերազմ: Դա բխում է նրանից, որ վերջապես եկել են կամ բերել են այնպիսի իշխանություն, որոնք ամբողջովին ծառայում են թուրք-ադրբեջանական միության ռազմավարական և մարտավարական նպատակներին»:

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է խնդրի լուծման ուղղությունները՝ կարևոր համարելով միջպետական շփումները.

«Եթե միջպետականը ավարտված լիներ, պիտի աշխատեին այն պետությունների հետ, ովքեր որևէ կախվածության մեջ չեն թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից (Լատինամերիկյան երկրներ, աֆրիկական որոշ երկրներ, ասիական երկրներ): Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանք պետք է տարվեր, և համոզված եմ, որ պատշաճ ակտիվությամբ չի գնում:

Մյուս կարևոր ուղղությունը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն է: Կան նաև հասարակական միջազգային կազմակերպություններ, որոնց հետ, ինչքան ես գիտեմ, աշխատում է միայն Մարդու իրավունքների պաշտպանը:

Կան նաև միջազգային միջպետական կազմակերպություններ. դա ՄԱԿ-ն է, ԵԽ, ԵԱՀԿ կամ այլ հարթակներ, որտեղ Հայաստանը վաղուց պետք է կարողանար բարեկամական պետությունների հետ Ադրբեջանի կողմից արված բոլոր հանցագործությունները, դրան գումարած պատանդներին չվերադարձնելը դարձնել քաղաքական օրակարգի հարցեր. կայացվեին բավականին կոշտ և միջազգային պրակտիկայում կիրառվող որոշումներ, որոնք անպայման պետք է ավարտվեին սանկցիաներով, ոչ թե սանկցիաների մասին խոսակցություններով: Այստեղ է, որ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության թերացումը ցավագին է անդրադառնում գերիների ճակատագրի վրա»,- ընդգծեց Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը գերիներին փոքր խմբերով է վերադարձնում, ի՞նչ նպատակ է հետապնդում նման պահվածքը, Ալավերդյանը պատասխանեց, որ Ադրբեջանի պահվածքը ունի 2 պատճառ՝ քաղաքական. վերադարձնում է այն մարդկանց, ում վրա դաժան վերաբերմունքի հետքերը չկան:

«Ամեն անգամ հերթական զիջման կամ նահանջի գնով է տեղի ունենում գերիների փոքր խմբերով վերադարձնելու գործընթացը. սա քաղաքական պատճառ է:

Հայկական կողմը առաջին հերթին խնդիր ունի վերադարձնել Հայաստանի գոնե նախկինում եղած հեղինակությունը, և պետական մակարդակով պետք է վերականգնվի նրա սուվերենության կորուսյալ մասերը: Դա անհնարին է անել ներկա այն քաղաքական խմբի հետ, որի ռազմավարությունն ու ծրագրերը խիստ հակառակ ուղղությամբ են նշմարված: Անշուշտ պետք է տեղի ունենա իշխանափոխություն և այնպիսի համակարգային փոփոխություններ, որոնցով մենք կարող ենք վերականգնել մեր սուվերենությունը միջազգային հարթակների վրա, մենք դե յուրե չենք կորցրել սուվերենությունը, բայց դե ֆակտո մեր սուվերենությունը ամբողջովին այսօր խաթարված է և գտնվում է վերին աստիճանի խոցելի վիճակում»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close