Նորություններ

«Անհատների վրա հույս դնելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է». քաղաքագետ

«Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, ուղղակի խնդիրն այն է, թե ինչ պայմաններում են գնում ընտրությունների: Արմատական ընդդիմությունը չի ցանկանում, որ ընտրությունները տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, իսկ իշխանությունը ուզում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլընտրանք չկա, այլընտրանքը ներքաղաքական ցնցումներն են, և այդ դեպքում ձևավորված իշխանությունները լինելու են ոչ լեգիտիմ:

Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, այսինքն՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, հայտարարեց, որ այդ հանդիպումներից պետք չէ շատ բան ակնկալել:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումից պետք է կոնկրետ արդյունք ակնկալել, բայց ամեն դեպքում դա կարող է թուլացնել լարվածությունը: Ամեն դեպքում նախագահը փորձում է միջնորդի դեր խաղալ գործող իշխանության և ընդդիմության միջև, ինչն առայժմ այնքան էլ լավ չի ստացվում: Մենք տեսնում ենք, որ ներքաղաքական իրավիճակը բավականին պայթյունավտանգ է, և բոլոր նման տեսակի նախաձեռնությունները պետք է միայն ողջունել»,-շարունակեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ իրավիճակն էլ ավելի լարվեց իշխանությունների բոլոր ոլորտներում լիակատար ձախողման պատճառով:

«Պատերազմից առաջ էլ ակնհայտ էին իշխանությունների ձախողումները՝ «Քովիդ»-ի դեմ պայքար, տնտեսական վիճակ և այլն: Պատերազմը ձախողած, բացարձակապես փնթի, ապաշնորհ կառավարումը եկավ լրացնելու այդ ձախողումները, և հասկանալի է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև այսօր փաստացի իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները:

Փողոցի ընդդիմության նկատմամբ չկա հանրային բարձր վստահություն, և այդտեղից էլ սկսվում է լարվածությունը: Մենք տեսնում ենք մի քանի հազար այնտեղ, մի քանի հազար մարդ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իսկ մնացած 98-99%-ը ոչ մի կողմին չի վստահում և տանը նստած հետևում է այս իրավիճակին՝ գիտակցելով, որ երկուսի վրա էլ չի կարող հույս դնել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ երբ կհայտարարվեն ընտրություններ, քաղաքական ուժերը կներկայացնեն հայտեր, կձևավորվի նաև երրորդ բևեռ.

«Ես վստահ եմ, որ ընտրությունը չի լինի միայն Նիկոլ Փաշինյանի և նախկինների միջև: Կարծում եմ, որ այլ ուժեր էլ կլինեն և այդ ուժերը կներկայացնեն կոնկրետ ծրագրեր: Մի բան է փողոցում դատարկ ճառեր ասելը, այլ բան է, երբ հստակ կոնկրետ ծրագիր ես ներկայացնում, և ստիպված պետք է լինեն անդրադառնալ այդ խնդրին, և հասարակության համար կողմնորոշվելը ավելի կհեշտանա»:

Քաղաքագետն ընդգծում է՝ խնդիրը այստեղ իշխանափոխությունը չէ, այլ խնդիրն այն է, որ հիմա Հայաստանը փաստացի իշխանություն չունի:

«Խնդիրն այն է՝ Հայաստանը կունենա՞ իշխանություն, թե՞ կշարունակվի այս իրավիճակը, այսինքն՝ կշարունակվի անիշխանությունը:

Իշխանությունները զբաղված են բացառապես իրենց պաշտոնները պահելու գործով և որևէ լուրջ գործով, ըստ էության, ոչ էլ զբաղվում են: Մինչդեռ բազմաթիվ հարցեր կան, որոնք կարելի է լուծել ամուր իշխանությամբ»:

Քաղաքագետի կարծիքով՝ պետականությունը ոչ թե փրկում են անհատները, այլ այն թիմը, ով իրականացնում է փրկության ծրագիրը:

«Երբ մենք ընտրենք անհատին, միշտ հայտնվելու ենք այս իրավիճակում, որովհետև պարզվելու է, որ անհատը մեզ խաբել է, անհատների վրա հույս դնելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,-եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close