Դոնբաս. մեծ պատերազմի կանխատեսումներ. Արցախյան պատերազմի փորձ, խաղադրույք «Բայրաքթար»-ների վրա եւ մինչեւ Դնեպրի ափ հասնելու սպառնալիքներ
Պաշտոնական Կիևը և Դոնբասի չճանաչված հանրապետությունները միմյանց մեղադրում են սադրանքներ նախապատրաստելու և Ուկրաինայի արեւելքում լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու մեջ, գրում է BBC-ն: Անցած շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր հաղորդվում են 2020թ.-ի հուլիսին պաշտոնապես հայտարարված հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
Ինչո՞վ է պայմանավորված Դոնբասում գարնանային սրացումը և կա՞ արդյոք մեծ պատերազմի վտանգ:
Ուկրաինական լրատվամիջոցները Դոնբասում հրադադարի փաստացի խախտման մասին սկսեցին խոսել դեռ փետրվարին:
Այնուհետև Կիևի ռազմական փորձագետները հայտարարեցին, որ չնայած ակտիվ բախումները դադարել են, բայց ինքնահռչակ հանրապետությունների զորամիավորումները շփման գծում ակտիվորեն օգտագործում են հարվածային անօդաչու թռչող սարքեր: Բացի այդ, դիպուկահարների կրակը չի դադարում առաջնագծում. Ուկրաինայի ԳՇ-ում BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը հայտնել է, որ Դոնբասում անընդհատ աշխատում են «Ռուսաստանի պրոֆեսիոնալ դիպուկահարների 10-12 խումբ»: Մոսկվան բազմիցս հերքել է Ուկրաինայի արեւելքում հակամարտության մեջ իր զինվորականների ներգրավումը:
«Այլևս խաղաղ գործընթաց չկա: Դիպուկահարների զույգեր են գործում, գնդակոծություններ կան, պատերազմը շարունակվում է»,- փետրվարի սկզբին հայտարարել էր Ուկրաինայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Փաստորեն, փետրվարի վերջին — մարտի սկզբին պարզ դարձավ, որ սրացումը մշտական է: 2020 թվականի հուլիսից ի վեր, երբ զինադադար կնքվեց, առաջնագծում 19 ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորների թիվը հաշվվում է տասնյակներով: Ընդ որում, այս տարվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերի 15 զինծառայող է զոհվել:
Չճանաչված հանրապետությունների կորուստների մասին հավաստի տվյալներ չկան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով զինադադարը համարում է Դոնբասում խաղաղության ճանապարհին իր ձեռքբերումներից մեկը, ձեռնպահ է մնացել ծայրահեղական գնահատականներից: Սակայն այս շաբաթ նա ստիպված խոստովանեց. «Ռազմաճակատի սադրանքների թիվն ավելացել է»:
Փետրվարի 19-ին Դոնբասում իրավիճակի սրումը դարձավ Ուկրաինայի անվտանգության խորհրդի նիստի թեմաներից մեկը: Մարտի 8-ին Լիսիչանսկում տեղակայված «Արևելյան իրավապաշտպան խումբը» ուղղակիորեն հայտարարեց, որ, իրենց դիտարկման համաձայն, Դոնբասի հանրապետությունների զինված կազմավորումները պատրաստվում են ռազմական գործողությունների:
Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների լրատվամիջոցները հայտնում են կառավարական ուժերի կողմից առաջնագծի բնակավայրերի ամենօրյա գնդակոծությունների մասին:
Բնակչությանը «ուկրաինական տեռորից» պաշտպանելու համար մարտի 3-ին ԴԺՀ «ժողովրդական աշխարհազորայինների» ստորաբաժանումները թույլտվություն ստացան «կանխարգելիչ կրակ» բացել ուկրաինական բանակի դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկատվությունը Կիեւում առաջացրեց նյարդային արձագանք, բայց չհանգեցրեց զինադադարի պաշտոնական դադարեցմանը:
ԼԺՀ-ից եւս հայտարարեցին ուկրաինացի զինվորականների հետ մարտերը վերսկսելու մասին: ԴԺՀ եւ ԼԺՀ ինքնահռչակ հանրապետությունները Կիևին կասկածում են լայնածավալ հարձակման նախապատրաստվելու մեջ, և անգամ նշում են հավանական ամսաթիվը՝ մարտի 15-ը:
Ինքնահռչակ հանրապետությունների լրատվամիջոցները հրապարակում են ուկրաինական ռազմական տեխնիկայի ավտոշարասյունների տեղաշարժի կադրեր, եւ դա ներկայացնում են որպես Կիեւի կողմից ռազմական գործողություններին նախապատրաստվելու վկայություն:
Դոնբասում նոր պատերազմ սկսելու հավանականության մասին Ռուսաստանում սկսեցին խոսել դեռ փետրվարին: Մարտի սկզբին Դոնբասում մեծ պատերազմի թեման սահուն կերպով տեղափոխվեց ռուսական պաշտոնական լրատվամիջոցներ:
Կրեմլյան քաղաքագետ Սերգեյ Մարկովը վերադարձավ 2014 թվականից ի վեր մոռացված հայտարարություններին, որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները միանալու են Ռուսաստանին:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» -ը՝ հիմնվելով ռազմական փորձագետների կարծիքների վրա, կանխատեսում է «լայնամասշտաբ պատերազմի սկիզբ մի քանի շաբաթվա ընթացքում»՝ պնդելով, որ Ուկրաինայի ղեկավարությունը ոգեշնչված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաջող փորձով եւ խաղադրույք է կատարել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի վրա:
Ուկրաինացի ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը Դոնբասում իրավիճակը զգուշորեն նկարագրում է հետևյալ կերպ. «Գոյություն ունեն որոշ նախանշաններ, որ շփման գծում ընդհանուր իրավիճակը կարող է փոխվել»: Ըստ նրա՝ առաջնագծում իրավիճակի սրման պատճառը Մոսկվայի հիասթափությունն է Զելենսկուց՝ որպես ուկրաինացի առաջնորդ, ով կարող է նահանջել նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի բանակցային դիրքերից:
Իր հերթին, ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի արևելքում նոր բախման հավանականությունը շատ մեծ է, և դրա մեկնարկի պատճառ կարող են դառնալ Վիկտոր Մեդվեդչուկի նկատմամբ Կիևի կողմից սահմանված պատժամիջոցները և նրա հետ կապված հեռուստաալիքների փակումը:
«ՌԴ զինվորականների ընկալմամբ ՝ Արևմուտքը հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ տարբեր ճակատներով ՝ Բելառուսում, Ուկրաինայում և Նավալնիի դեպքում: Եվ Ռուսաստանը չպետք է պաշտպանողական կեցվածք ընդունի, այլ պետք է ակտիվ հակագրոհի անցնի: Երբ պատժամիջոցներ սահմանվեցին Մեդվեդչուկի հեռուստաընկերությունների դեմ, Արևմուտքը ոչինչ չձեռնարկեց, ուստի դա նրանց դավադրության մի մասն է: Հետեւաբար, անհրաժեշտ է պատասխան հարված հասցնել», -նշել է Ֆելգենհաուերը:
Փորձագետի խոսքով ՝ այժմ դժվար է գնահատել, թե Ռուսաստանը որքան պատրաստ կլինի տեղափոխել առաջնագիծը, բայց, ըստ նրա, կարելի է խոսել Ազովի ծովից Ուկրաինայի ամբողջական դուրսմղման և զորքերի առաջխաղացման մասին՝ մինչև Դնեպր, ինչը կլուծի Ղրիմի ջրամատակարարման խնդիրը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում, ջրի սակավության պատճառով ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել:
Ըստ Ֆելգենհաուերի՝ նման լուրջ գործողությունն ավելի հավանական է ապրիլի վերջին — մայիսի սկզբին: Այնուամենայնիվ, նա ավելացնում է, որ Վիկտոր Մեդվեդչուկի դեմ մեղադրանքներից հրաժարվելը կարող է «կասեցնել իրավիճակը»:
Միխայիլ Ժիրոխովն անիրատեսական է համարում ռուսական զորքերի նման մասշտաբային գործողությունը: Ըստ նրա՝ անհնար է աննկատ պատրաստվել նման ռազմական արշավի:
«2014-ին ամբողջ YouTube- ը լցված էր ավտոշարասյունների կադրերով, որոնք Ռոստովի մարզից շարժվում էին դեպի Ուկրաինա: Այս դեպքում հարկավոր են հարյուրավոր տանկեր, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվում է չորս տոննա դիզել՝ միայն մեկ լիցքավորման համար: Նման ծավալները՝ հաշվի առնելով համացանցի առկայությունը, դժվար է թաքցնել»,- նշել է Ժիրոխովը:
Ամեն դեպքում, Դոնբասում այժմ նոր մեծ պատերազմի մասին խոսք լինել չի կարող,-եզրափակել է փորձագետը: