ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Երբ ԱԹՍ-ը հարվածել է, եղբայրս այդտեղ չի եղել, բայց տեսել է, որ ծառայակից ընկերն այնտեղ է, փորձել է մարմնով փրկել տղային… երկուսն էլ անմահացել են նույն վայրում»

«Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթած տուն ենք գալու». ռազմաճակատից այս խոսքերով է ընտանիքի անդամներին հուսադրել արցախյան պատերազմում զոհված 28-ամյա Գոռ Հակոբյանը:

Գոռ Հակոբյանը մասնագիտությամբ նկարիչ էր, 2014թ.-ից ծառայության էր անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում:

Երիտասարդ արվեստագետը համատեղել էր արվեստն ու զինվորականի աշխատանքը, եղբայրն ասում է՝ երկուսն էլ շատ էր սիրում ու հավասարաչափ:

Տարբեր էր Գոռի ստեղծագործությունների առանցքը՝ դիմանկարներից մինչև բնանկարներ և աբստրակտ աշխատանքներ:

«Գոռը դեռևս փոքր տարիքից սիրում էր նկարել, իր մեջ կար այդ տաղանդը: Մասնագիտություն ընտրելու ժամանակ, առանց երկար-բարակ մտածելու ընտրեց նկարչությունը: Ընդունվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտ՝ գծագրություն և կերպարվեստ բաժինը, ավարտել է գերազանցության դիպլոմով:

Գոռին զինվորականի աշխատանքը չէր խանգարում: Եղբորս երազանքը ցուցահանդես կազմակերպելն էր, որը իր ողջ լինելու ընթացքում չստացվեց, հիմա մեր ու իր ընկերների շնորհիվ էդ գործը կազմակերպում ենք: Եղբորս երազանքը կատարելը իմ պարտականությունն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գոռ Հակոբյանի եղբայրը՝ Գևորգ Հակոբյանը:

Գևորգն ասում է, որ Գոռին չի հարցրել՝ ինչու որոշեց կյանքը նվիրել հայրենիքի սահմանների պաշտպանությանը, ասում է՝ որովհետև ես միշտ վստահ եմ եղել, որ իմ եղբայրն ինչ անի, ինչ որոշի, դա է ճիշտը:

Գոռ Հակոբյանը ծնվել է 1992թ., Լոռու մարզի Ջիլիզա գյուղում: Մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան պատերազմին։ Արցախյան երկրորդ պատերազմում պաշտպանել է Զանգելանի շրջանը: Զոհվել է նոյեմբերի 7-ին:

«Վերջին անգամ հետը խոսել եմ նոյեմբերի 6-ին, շատ կարճ էր տևում մեր խոսակցությունը. ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, հաղթած տուն ենք գալու:

Չկա մի մարդ, ով ճանաչի Գոռին և նրա մասին վատ բան ասի. բարի էր, համեստ, ընկերասեր, կատակասեր, ամեն ինչի հետ հարմարվում էր:

Բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել, բոլորի հետ անխտիր շփվում էր: Թե ինչքան մեծ շրջապատ ուներ, էդ մասին ես իմացել եմ իր զոհվելուց հետո»,- պատմում է Գևորգը:

Գևորգն ասում է՝ եղբայրը 3 բան էր ամենից շատ սիրում. հայրենիքին ծառայելը, նկարելն ու հողագործությամբ զբաղվելը:

Արցախյան պատերազմում զոհված հերոսի եղբայրն ասում է՝ Գոռը ստեղծող մարդ էր:

«Ուզում էր գյուղի այգին մեծացնել և կազմակերպել ցուցահանդես: Փորձելու ենք եղբորս բոլոր նպատակները իրագործել, դրանք շատ էին:

Գոռը սիրում էր ամեն ինչ՝ լեռներ, ժայռեր… նկարում էր ամեն ինչ, սիրում էր ազատությունը:

Եղբայրս զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, ինքը այդտեղ չի եղել, երբ ԱԹՍ-ը հարվածել է, տեսել է, որ ծառայակից ընկերն այնտեղ է, փորձել է մարմնով փրկել տղային, բայց չի կարողացել. երկուսն էլ անմահացել են նույն վայրում»,- եզրափակում է հերոսի եղբայրը՝ Գևորգ Հակոբյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close