ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Այդ օրերին էնքան բան եմ տեսել, որ նույնիսկ մոռացել էի, որ երեխա ունեմ»

Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է արցախյան պատերազմին, կռիվ տվել թշնամու դեմ, դժվարությամբ է խոսում պատերազմի մասին, աչքերը ներքև հառելով՝ ասում է՝ իսկական հերոսները զոհված տղերքն են:

«Ես ու եղբայրս՝ Հովոն, մարտի դաշտում միասին ենք եղել, այսինքն՝ կար հնարավորություն, որ եղբայրներից մեկը կռվեր, Հովոն համոզում էր ինձ, որ ես չգնայի, բայց եթե ես որոշել էի, հետ համոզելն անհնար էր:

Հոկտեմբերի 8-ին մեզ տարան Ջաբրայիլ՝ Ջրական. մեզ տարան առաջնագիծ և ասացին, որ պիտի խրամատներ փորենք, որպեսզի կռվելու տեղ ունենանք: Խրամատը, որը մենք էինք զբաղեցնելու, այդտեղ զոհված տղերք կային… դաշտերի միջով կամիկաձեն նկատեց մեզ, առաջին հարվածից եղբորս ջոկատից մի տղա վիրավորվեց, հետո մեկ այլ տղա էլ ձեռքերից վիրավորվեց: Ահավոր էր. ոտքերիցս 1-2 մետր այն կողմ խփեց առաջին արկի բեկորը, բայց հետո հասկացա, որ ինձ բան չի եղել… ես ո՛չ վիրավոր եմ, ո՛չ մահացած, ախպորս էի ման գալիս: Տեսա, որ Հովոն տղերքից մեկին օգնություն է ցույց տալիս, և իր հետ նորմալ է ամեն ինչ, մենք երկու վիրավոր տղերքին էդ պահին ճանապարհեցինք:

Ախպերս գնացել էր կամբատի հետևից, կամբատը կորել էր: Արդեն մութ էր, և մենք մեկ դասակով 23 կամ 26 հոգով էինք, որոշեցինք ելնել մեր առաջին փորած խրամատը ու «սպասենք» հակառակորդին, շատ քիչ մարդիկ եկան մեզ հետ: Իմացանք, որ ախպերս կամբատի հետ էր, ու իրանք լավ առաջ էին գնացել, հասել էին առաջնագիծ, և առաջնագծի զորքը պետք է նահանջ աներ, և մենք էլ պիտի թիկունքը պահեինք: Լսեցինք երգի ձայնը. մեր տղերքը հետ էին շպրտել հակառակորդին և ուրախությունից երգում էին:

Էտ պահին կամիկաձեն մեզ նկատեց, ախպորս ջոկատից 3 հոգի տեղում մահացել էին, 2-ը վիրավորվել էին՝ Էդգար Խաչատրյանը, Կարեն Երանոսյանը, և մեքենայով տեղափոխելուց երկրորդ անգամ էր հարված ստացել, և Կարենը տեղում մահացել էր: Վաշտի հրամանատարն էլ էր վիրավորում ստացել, և հրաման ուներ, որ վիրավորներին տեղափոխեր, հետո ողջ մնացած անձնակազմին, որովհետև մեր տեղը շատ վատ տեղ էր, որովհետև թիկունքային էր, իսկ հակառակորդը աշխատում էր թիկունքային ուղղությամբ:

Էդ գիշեր մնացինք այդտեղ, առավոտյան շարժվեցինք դեպի թիկունք, իմացանք, որ Կարենը զոհվել է, Հրանտն էլ էր ճանապարհին զոհվել: Եղբայրս իմացավ, որ առաջնագիծ գնացող մեքենա կա, տղերքի աճյունները վերցրեց և բերեց հանձնեց իրենց հարազատներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմի մասնակից Սևակ Խաչատրյանը:

Սևակ Խաչատրյանը եղբոր՝ Հովհաննես Խաչատրյանի հետ միասին է մեկնել ռազմաճակատ, միասին են կռվել, բայց եղբայրը զոհվել է:

Սևակն ասում է՝ այդ օրերին էնքան բան եմ տեսել, որ նույնիսկ մոռացել էի, որ երեխա ունեմ:

«Ես հետդարձի ճամփան մոռացել էի… ապրիլյան քառօրյա պատերազմին էլ եմ մասնակցել, բայց սա ուրիշ պատերազմ էր: Ապրիլյանի ժամանակ չէի մտածում, որ հնարավոր է հետ չգամ, մտածում էի՝ հաստատ հետ կգամ, ամեն ինչն էլ լավ կլինի: Էս կռվի ժամանակ ես տեսա ընկերներիս, հարազատներիս մահացած վիճակում, այդ ժամանակ չէի մտածում, որ հետ կգամ: Հենց մի բան էր լինում, ես ախպորս էի ձայն տալիս, ինքը՝ ինձ, որ հասկանայինք՝ իրար հետ ամեն ինչ լավ է, լավ չէ»,-պատմում է Սևակը:

Արցախյան պատերազմի մասնակիցն ասում է՝ կռվում էինք ու էդ ժամանակ ոչնչի մասին չէինք մտածում, թեպետ հրետակոծության ժամանակ մտածելու համար ժամանակ էլ չկա:

«Մեր սպաներն էին խուճապի մեջ, շատերն էին մատնվում խուճապի, ու հենց էդ խուճապը խանգարեց, կազմակերպվածություն չկար: Պատերազմն անհավասար էր, որովհետև իրենք օդից էին հարձակվում, իսկ մենք ունեինք ընդամենը «ԱԿ-74», իսկ ավտոմատով ի՞նչ էինք անելու: Մենք պատրաստ չէինք սպառազինությամբ, իսկ հոգեպես միշտ էլ պատրաստ ենք:

Մենք՝ կռվողներս, չենք պարտվել. մենք նախ պիտի թիկունքի թուրքերի հետ կռվեինք, հետո մեր դիմացի թուրքերի»,- եզրափակում է արցախյան պատերազմի մասնակից Սևակ Խաչատրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close