Նորություններ

ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանները սկսել են ուսումնասիրություններ կատարել Գևորգ Չաուշի փողոցում, որտեղ հետիոտների անցման ժամանակ լինում են մահվան դեպքեր

Այսօր՝ մարտի 9-ին,  ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հարությունյանն ու ավագ տեսուչ Հրատ Ավետիսյանը այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի փողոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝  մարտի 8-ին, նշված փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից տեղի էր ունեցել  վրաերթ, ինչի հետևանքով  1 հոգի տեղում մահացել էր, իսկ մեկ հոգի՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած   Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանին դեպքի հարևանությամբ ապրող բնակիչները  խնդրել էին,  որպեսզի նա իրենց բողոքը ներկայացնի  ՀՀ  ճանապարհային ոստիկանության պետ Ե. Կարապետյանին, ինչը Երևանի ՃՈ պետն արել էր:

Այսօր արդեն ՃՈ ծառայողները տեղում ուսումնասիրել են խնդիրը և խոստացել, որ կարճ ժանանակում նշված փողոցում կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներ, ինչը հնարավորություն կտա հետիոտներին անվտանգ անցնել փողոցը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն  Ե. Կարապետյանը զեկուցել է ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանին, ինչպես նաև խնդրի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետարանում:

Մնում է՝  Երևանի մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերի և դուրս գա սերիալային իրականությունից և   այս փողոցը  նունպես դարձնեն անվտանգ, թե չէ նրանց ոչ սրտացավ մոտեցման արդյունքում քաղաքացիներին թվում է, թե մեղավորը ճանապահային ոստիկանությունն է, մինչդեռ  ՃՈ-ն այստեղ ոչ մի անելիք չունի:

Արտաքին լուսավորումների, նշանների տեղադրման, գծանշումների, տեսախցիկների տեղադրման պատասխանատվությունը ՀՀ կառավարության որոշմամբ դրված է Երևանի  քաղաքապետարանի վրա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին  մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մյուսը՝ Երևանի  1-03 շտապօգնության  բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը, ով մեկնել էր հիվանդանոց:

Ժամանել էր նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական  գումարտակի 7-րդ դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար  Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի,  քրեական հետախուզության  բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ:

Ա. Եսայանի գլխավորությամբ Մաշտոցի ոստիկանները պարզել էին,  որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մայիլյանն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մայիլյանը, ում տարիքը ճշտվում էր:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ  Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Ադամյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի  (դեպքի վայրից փախուստի դիմելը)  հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու  ուղղությամբ:

Վրաերթի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ,  այդ թվում՝ կանայք,  ասում էին.  «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր  վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ:  Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք,  թե չէ:  Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն  ասում են,  թե ցանկացած  ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթևեկությունը կարգավորող նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն  կգա: Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու  էդ հարցերը լուծեն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button