Նորություններ

«Նպատակ կա որոշակի խուճապ տարածել մարդկանց մեջ, բայց դա չի նշանակում, որ Տավուշի մարզի անվտանգությունը երաշխավորված է». Ն. Հոխիկյան

«Ես մեկ ամբողջ օր անցկացրել եմ Տավուշի մարզում, զրուցեցի այդ վայրերում ապրող մեր հայրենակիցների հետ, զրուցեցի պաշտոնյաների հետ: Այդպիսի բան, որ իրենց ինչ-որ մեկը ասած լինի, թե այստեղ վերադառնալու են ադրբեջանցիները, տեղակայվելու է ռուս խաղաղապահների զորքերը և այլն, նման բան չկա: Գոնե այն մարդիկ, ում հետ ես զրուցեցի, հաստատեցին, որ չկա նման բան: Տավուշում ոչ թե ռուս խաղաղապահներ են տեղակայված, այլ ռուսական զորքի ջոկատներ, և դա նորմալ է, որովհետև հայ-ռուսական համատեղ, փոխադարձ օգնության պայմանագրով և ՀԱՊԿ պայմանագրով կա մի կետ, որ ռուսական զորքը, Ռուսաստանը պարտավոր է ապահովել և երաշխավորել ՀՀ սահմանային անվտանգությունը»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը, ով Տավուշի մարզ էր մեկնել տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Փորձագետը շեշտում է՝ Տավուշի մարզում ռուսական զորքի ջոկատներ նախկինում ևս եղել են, պարզապես նախկինում ձեռնտու չի եղել դա նկատել, դրա համար չեն նկատել ռուս զինվորներին:

«Այսօր նպատակ կա՝ որոշակի խուճապ տարածել մարդկանց մեջ, բայց դա չի նշանակում, որ Տավուշի մարզի անվտանգությունը երաշխավորված է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդիկ ապրում են անորոշության մեջ, շեշտում են, որ այս պահին մեր տարածքի նկատմամբ որևէ պաշտոնական ոտնձգություն չի եղել, բայց մենք չգիտենք՝ վաղը ինչ է լինելու:

Նրանք ասում են, որ, այո, ինչ-որ չափագրումներ կատարվել են Հայաստանի տարածքային ենթակառուցվածքների նախարարության կողմից, և դա պետք է ճշտել՝ իրականում նախարարությունն անո՞ւմ է չափագրումներ, թե՞ ոչ:

Մարդիկ ասում են, որ ՀՀ կառավարությունը արել է չափագրումներ, և հիմա չի բացառվում, որ այդ չափագրումներն արվել են այլ նպատակով:

Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ է չափագրումներ արվում հիմա և ինչո՞ւ է արվում այդ հատվածում, որի նկատմամբ Ադրբեջանն ունի որոշակի նկրտումներ: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այս 2-3 օրերին հայտարարություններ է անում և քարտեզով ներկայացնում է այդ հատվածները՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը խոստացել է իրեն տրամադրել այդ հատվածները»,- շարունակում է միջէթնիկ հակամարտությունների փորձագետը:

Ըստ Հոխիկյանի՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական ձևակերպումներով որևէ կերպ այդ խնդրին չի անդրադառնում:

«Տեղական իշխանությունները՝ համայնքների ղեկավարները, մարզպետարանը և այլն, շատ կցկտուր են ասում: Ճիշտ է, մարզպետը ասում է, որ չկա նման բան, բայց հստակ հերքում, որ չի լինելու այդպիսի գործընթաց, որևէ խոսակցություն չկա»,-եզրափակում է Նաիրի Հոխիկյանը:

Հիշեցնենք, որ օրերս լուրեր տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները 2 օր է չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում (նախկին Բարխուդարլիի) մերձակայքում։

Տեղեկությանն արձագանքեցին ՀՀ ՊՆ-ից և Տավուշի մարզպետարանից:

Պաշտպանության նախարարությունը այն որակեց բացարձակ մտացածին և նշեց, որ չի համապատասխանում իրականությանը:

Տավուշի մարզպետարանից հայտարարեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում՝ տարածված հայտարարությունը որակելով որպես հանցագործություն, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ գրառում կատարեց.

«Եթե որևէ մեկը մտահոգ է, կարող է գալ Տավուշ և տեսնել, թե ինչպես ենք ապրում, պահում ու զարգացնում մեր երկիրը»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close