Նորություններ

Ջրատարը չի քանդվել, սակայն Ադրբեջանը նոր վերակարգ է ավելացրել․ Կապանի քաղաքապետ

Ադրբեջանական կողմը ոչ թե մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի հատվածում, այլ երկու նոր վերակարգ է ավելալացրել այդ տարածքում։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը հերքել էր այն տեղեկությունը, թե «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը»։ Ըստ մարզպետարանի՝ ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։

Միաժամանակ, մարզպետարանից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։ «Ադրբեջանը երկու հատ նոր վերակարգ է ավելացրել այդ հատվածում, այսպես կոչված, Չայզամի հարակից հատվածում։ Ջրատարի հետ կապված խնդիր չկա»,- ասաց Փարսյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ վերակարգն ավելի մտահոգիչ է, քան դիտակետը։ «Ավելի մեծ քանակ է ենթադրում վերակարգը։ Այսպես ասեմ՝ դա հերթական դիրքն է»,- հավելեց նա։ Հայկական կողմը պատասխան քայլ է արել։ «Մեր սահմանապահներն էլ իրենց դիմաց են նոր վերակարգ տեղադրել»,- տեղեկացրեց քաղաքապետը։

Անդրադառնալով այն հարցին, որ Սյունիքի հետ համայնքների սահմանին ադրբեջանական կողմը խրամատներ փորելու գործընթաց է սկսել, Գևորգ Փարսյանն ասաց․ «Որտեղ վերակարգ ունեն, այնտեղ խրամատ են փորում։ Կապան-Գորիս ճանապարհահատվածում, որտեղ վերակարգ ունեն, ոչ միայն խրամատներ են փորում, այլ նաև ամրացման աշխատանքներ են տանում»։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա այս ամենին, նույն կերպ դիրքավորվի։ «Աշխատանքեր արվում են այդ ուղղությամբ»,- հավելեց նա

Back to top button
Close