Նորություններ

«Ոչ մի արտառոց բան չի կատարվում Տավուշում, այսինքն՝ այն տեղեկությունները, որ դաշտ նետվեցին, այս պահին իրականությանը չեն համապատասխանում». Ա.Կոստանյան

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները 2 օր է չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում (նախկին Բարխուդարլիի) մերձակայքում։

Տեղեկությանը արձագանքեցին ՀՀ ՊՆ-ից և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Պաշտպանության նախարարությունը այն որակեց բացարձակ մտացածին և նշեց, որ չի համապատասխանում իրականությանը:

Հայկ Չոբանյանն էլ գրառում կատարեց.

«Եթե որևէ մեկը մտահոգ է, կարող է գալ Տավուշ և տեսնել, թե ինչպես ենք ապրում, պահում ու զարգացնում մեր երկիրը»:

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը երեկ գնացել է Տավուշի մարզ, որպեսզի տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին:

ԳԱԼԱ-ն փորձեց կապ հասատել Աննա Կոստանյանի հետ:

«Երեկ ճանապարհին Ազատամուտի նախկին համայնքապետին հանդիպեցինք, նա հերքեց: Խոսել ենք նաև Տավուշի մարզպետի հետ, վերջինս կրկին հերքեց տեղեկատվությունը, բայց ամեն դեպքում կան մարդիկ, որ ասում են՝ ռուսական կոնտինգենտի են հանդիպել, մենք ամեն դեպքում չենք տեսել»,- հայտարարեց Աննա Կոստանյանը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չի կատարվում, այսինքն՝ այն տեղեկությունները, որ դաշտ նետվեցին, այս պահին իրականությանը չեն համապատասխանում:

«Խուճապային տրամադրություններ Երևանում է ստեղծվել, իսկ Տավուշի մարզում էդպիսի տրամադրություններ չկան»,- շարունակում է պատգամավորը:

Կոստանյանի կարծիքով՝ նման լուրերը տարածելով՝ այդկերպ փորձում են մարդկանց տրամադրությունները ստուգել:

Back to top button
Close