Նորություններ

«Չե Գևարայից ու Մանդելայից հույսը կտրելով՝ պետք չէ հիմա էլ ապաստան որոնել Սաակաշվիլու կերպարի մեջ»

Ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծման, ԳՇ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

— Պարոն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խոսեց արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Վարչապետն ու իր թիմը հայտարարում էին, որ չկա հանրային պահանջ՝ արտահերթ ընտրությունների գնալու համար, բայց հիմա առաջարկում են գնալ ընտրությունների։ Ձեր կարծիքով՝ ներքաղաքական լարված իրավիճակն արդյո՞ք ընտրությունների ճանապարհով կլիցքաթափվի։

Միքայել Հայրապետյան

— Հիշողությունը չկորցրած ցանկացած ոք չի կարող վստահել ո՛չ իշխանության, ո՛չ 17-ականների որևէ խոսքի, քանի որ արդեն ոզնուն էլ պարզ է, որ դրանք ռուսական իմպերիայի երկու ձեռքերն են ու անում են իրենց հանձնարարվածը: Հայաստանի շահն իսպառ բացակայում է. սպասարկվում է ռուս-թուրքական ծրագրին ծառայող ներհայաստանյան քաոսի պլանը: Արդեն նաև վստահ չեմ, թե արտահերթ ընտրությունները կլիցքաթափե՞ն քաղաքական ներկա լարվածությունը և ժողովրդային շվարած վիճակը: Ամեն բան չափից ավելի խորն է գնացել:

— Վարչապետը հայտարարեց, որ կլինեն քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ։ Տարբեր են քաղաքական ուժերի դիրքորոշումները, օրինակ՝ 17 ուժերը կմասնակցեն ընտրություններին, բայց ունեն նախապայման։ Այստեղ ի՞նչ անելիքներ ունի իշխանությունը, ինչպե՞ս կարող են գալ կոնսենսուսի։

— Կոնսուլտատիվ այդ ուժերին մենք տեսանք մարտի 1-ի եթերում, նույն հարթակում. զավեշտալի է, եթե չասեմ՝ ողբերգական է: Կրկնեմ՝ իշխանությունը սպասարկում է ռուսական ծրագիրը, ուստի բոլորն էլ հիմա զբաղված են մանիպուլյատիվ լարումներ ու ապատիա ստեղծելով, որպեսզի հետագայում ցարի առջև հանդես գան իբրև գուբերնատորի արժանավոր թեկնածու: Ուրեմն ի՞նչ կոնսենսուսի մասին է խոսքը:

Իսկ որ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, թե ժողովրդավարական ընտրություններ անցկացնելով հնարավորություն կստանա պատմության առջև ինչ-որ չափով մաքրվել խարանից, ապա դրանով չէ, որ պետք է փնտրի իր անվանական փրկությունը: Այդ ճանապարհը նրան տրված չէ. Չե Գևարայից ու Մանդելայից հույսը կտրելով՝ պետք չէ հիմա էլ ապաստան որոնել Սաակաշվիլու կերպարի մեջ: Ռուսական Սաակաշվիլի լինել բնության մեջ հնարավոր չէ:

— Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը ԳՇ պետի պաշտոնանկության վերաբերյալ։ Ի՞նչ է կատարվում իշխանության և զինված ուժերի միջև։ք

— Նախագահի՝ այդքան տարփողված միջազգային հնարավորություններն առ այսօր չեն երևացել ոչ մի անգամ, ցավոք: Գուցե նրա առաքելությունն ա՞յլ է: Այնպես որ, չափազանցված սպասելիքներ պետք չէ ունենալ, այլապես հիասթափությունն ավելի ցավագին կարող է լինել: Չի բացառվում, որ հիմա էլ ստիպված լինի ամանորյա տոների նման, ասենք, մայրության կամ զատկական տոների կապակցությամբ պատերազմում պարտված, ներսից ճաքեր տված

երկրից մեկնել ընտանիքի հետ տոներին զվարճանալու ու Քովիդի ինչ-որ նոր տարատեսակությունից ապաքինվելու: Մենք իշխանություն և Զինված ուժեր, մեծ հաշվով, այլևս չունենք. դրանք անվերապահ հանձնված են ռուսական ողորմածությանը և այնտեղից ենթարկվում են օպերատիվ կառավարման: Նրանք կանեն այն, ինչ հրահանգվի, իսկ առայժմ հրահանգված է ստեղծել ու պահպանել լարվածություն, մոտեցնել երկիրը կազմալուծման ու քաղաքացիական բախումների շեմին, որպեսզի հնարավոր լինի պայմանագրի վերածել Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ ապօրինի հայտարարությունը: Ցավոք, Զինված ուժերի հրամկազմի համար Հայրենիքի ապագայից ավելի կարևոր է «Իսկանդերի» պատիվը, ինչպես Փաշինյանի համար Մարիա Զախարովայի «առաքելական թուղթը», որը նա հրճվալից ճոճում էր Հանրապետության հրապարակում իր երանելի 2018-ի «հեղափոխության» օրերին: Նրանք արժանի են միմյանց՝ և՛ տոտալիտարիզմի ատավիզմ «հերոսի կոչում» տվողը, և՛ «հերոսը»:

— Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ԳՇ հայտարարությունը և վարչապետի ձևակերպումը։

— Հեղաշրջման փորձ կարող են անել միայն քաղաքական միավորները, բայց ոչ երբեք Զինված ուժերը: Զինված ուժերը կա՛մ անում են հեղաշրջում, կա՛մ չեն անում: Ըստ իս՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է այդ տարրական աքսիոմը հասկանում, բայց այդպես պետք է ասեր, որպեսզի լարվածության, քաոսի, դիմակայության ռուսական պլանը իրականացվի և հանգուցալուծվի մի նոր «Մոսկվա-Կարս»-ով, որ այս անգամ կարող է կոչվել, ասենք, «3+3 պլատֆորմ» կամ մեկ այլ հակաքաղաքակրթություն ու հայաթափում:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close