ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ

Ռուսական լրատվականները գրում են, որ ռուս զբոսաշրջիկներն ավելի շատ են սկսել դեպի Վրաստան ձգտել:

«Aviasales» ավիատոմսերի առցանց ծառայության տվյալով` վերջին 10 օրվա ընթացքում դեպի Վրաստան ավիատոմսերի պահանջարկը 37 անգամ աճել է, իսկ Վրաստանի ուղղությամբ տոմսերի ամրագրումը վերականգնվել է 87% -ով:

Ըստ նույն ծառայության` ՌԴ-ի քաղաքացիների` Վրաստանում գտնվելու ժամկետը միջինում 8 օր է: ՌԴ-ից Թբիլիսի հասնելու արժեքը մեկ ուղղությամբ միջինում 17 հազար ռուբլի է: Քանի որ Վրաստանի հետ ուղիղ չվերթներ չկան,  ՌԴ քաղաքացիները ստիպված են տարանցիկով հասնել, օրինակ` Ստամբուլով:

Հիշեցնենք` նախօրեին հայտնի դարձավ, որ Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից` հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է  կրկնակի թեստավորվեն:

Մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան գալ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների ու ռեզիդենտների համար:

Վրաստանի ցամաքային ու ծովային սահմաններն առաջվա պես փակ են զբոսաշրջիկների համար:

Փետրվարի 1-ին` գրեթե  մեկ տարվա դադարից հետո Վրաստանը վերականգնեց կանոնավոր ավիահաղորդակցությունը:

Առանց որևէ պայմանի Վրաստան կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք կանցնեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրս:

Back to top button
Close