Մարդ-կուսակցությունները արգելակու՞մ են ՀԱԿ-ին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և ՀԱԿ կուսակցության շուրջ առաջացած հարցերին: Նախ և առաջ Զուրաբյանը նշեց, որ ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակը բացառիկ շանս կտա լուծելու վեց հիմնախնդիր, որոնց թվում Զուրաբյանը առանձնացրեց` կսահմանափակվեն ռեժիմի հնարավորությունները, քանի որ Երևանի քաղաքապետարանը լուրջ դեր է կատարում ամբողջատիրական համակարգում: Հաջորդ հիմնախնդիրը, ըստ Զուրաբյանի, այն է, որ հնարավորություն կստեղծվի իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու համար: Զուրաբյանի խոսքերով` Երևանում ընդդիմության հաղթանակը պետական կառավարման համակարգում կստեղծի հակակշիռների մեխանիզմ, որից էապես կօգտվի ժողովուրդը, ինչպես նաև կնվազի կոռուպցիան:
Զուրաբյանի նշած լուծվելիք հիմնախնդիրներից է նաև առավել քաղաքակիրթ միջավայրի և քաղաքական դաշտի ձևավորումը, քանի որ ընդդիմությունը և իշխանությունը կտան ոչ թե խոսքի կռիվ, այլ` գործի:
Վերջում Զուրաբյանը հավելեց, որ այդ նոր համակարգում առավել ազատ կշնչեն բիզնեսը, քաղաքացին և գործարարները:
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծմանը` Զուրաբյանը նշեց, որ վերջին ամիսներին իրենք գտնվում են փոքր ճգնաժամի մեջ, քանի որ ՀԱԿ դաշինքում առկա մարդ-կուսակցությունները արգելակիչ դեր էին խաղում, ինչպես նաև բազմաթիվ անկուսակցականներ չէին կարողանում ազատ գործունեություն ծավալել:
«ՀԱԿ կուսակցության ձևավորումով շարժումը ստացավ կազմակերպչական ձև, ապրիլի 13-ին մեր հիմնադիր համագումարը ապացուցեց, որ մենք գործ ունենք հզոր քաղաքական ուժի հետ, որն այլևս չունի կապանքներ և արգելակիչ հանգամանքներ»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Եզարափակելով` Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ երեկ ՀԱԿ-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել, սակայն իրենք չեն մեկնաբանելու, իրենց հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված է, և ընդհանրապես, իրենց հիմնական թիրախը լինելու է միայն իշխանությունը, և այդ իշխանությանը սպասարկող Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանը, և իրենք չեն արձագանքելու որևէ այլ ընդդիմադիր ուժի կողմից հնչած քննադատությանը, քանի որ եթե ընդդիմադիր ներկայացողը քննադատում է մեկ այլ ընդդիմադիր ուժի, ապա նա չի կարող լինել իրական ընդդիմադիր:
Աղասի Մարգարյան