Նորություններ

«Եթե թուրքը մտնի մեր տարածք, դուրս կգա հորիզոնական դիրքով. մենք պաշտպանում ենք մեր գյուղը ու չենք պատրաստվում լքել, ինչ ուզում է լինի». Աղավնոյի համայնքապետ

«Մենք կառուցող մարդիկ ենք. չենք մտածում՝ հետո ինչ կլինի, ժամանակ չենք կորցնում դրա վրա, մտածում ենք, որ պետք է աշխատենք: Այս պահին Աղավնոյում սոցիալ-տնտեսական խնդիրներ չկան, մարդկանց աշխատանքի հարցն ենք փորձում կարգավորել: Երբ շինարարությունը սկսվեց, գյուղում անգործ մարդ չի մնալու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով գյուղում առկա վիճակին, հետագա անելիքներին և հետպատերազմյան իրավիճակին:

Ըստ համայնքի ղեկավարի՝ Աղավնոյում առաջնահերթ անելիքներն են՝ մանկապարտեզի, բուժկետի և խաղահրապարակի կառուցումը:

«Մարդիկ կան, որ մտածում են, թե ինչի համար են կառուցում, եթե պիտի թուրքին տան: Ես ուզում եմ ասել, որ մենք թուրքին ոչինչ չունենք տալու: Մենք չենք ուզում նրանց հետ շփվել, մեր տղաների արյունը դեռ չի չորացել, որ մենք հաշտվենք կամ եղբայրություն անենք նրանց հետ: Մենք շատ հստակ ասում ենք, որ չմտնեն մեր տարածք, եթե մտնեն, օրը գիտի՝ ոնց կարող է լինել և ինչ կարող է լինել: Մենք իրենց ասել ենք, որ մեր կամքից անկախ է էս ամեն ինչը եղել: Մենք շարունակելու էինք պաշտպանել և շարունակում ենք պայքարել»:

Աղավնոյի համայնքապետի փոխանցմամբ՝ գյուղ է վերադարձել 97 մարդ:

«Էլի ավելանալու են գյուղ վերադարձողները, եթե բնակարանների խնդիրը լուծվի, մենք շատ արագ կկազմակերպենք մարդկանց բնակեցումը: Շատ են մարդիկ, ովքեր ուզում են մեր գյուղում հաստատվել: Ես կարծում եմ, որ շատ արագ էլ կլուծվի բնակարանների խնդիրը, եթե լինի կառավարության որոշումը:

Անվտանգության մասին չենք մտածում, մենք մարտական ենք տրամադրված: Չենք հաշտվում կատարվածի հետ, բայց չի եղել մի դեպք, որ ազերին գա գյուղ մտնի: Եթե թուրքը մտնի մեր տարածք, դուրս կգա հորիզոնական դիրքով: Մենք պաշտպանում ենք մեր գյուղը ու չենք պատրաստվում լքել, ինչ ուզում է լինի: Մենք խաղաղասեր մարդիկ ենք, ոչ ոքի չենք խանգարում և թույլ էլ չենք տա, որ մեզ խանգարեն»,- եզրափակեց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close