Նորություններ

«Քոչարյանն ուզում է գալ իշխանության և զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց հարց է, թե նա ինչպես կարող է գալ, ունի՞ արդյոք այդպիսի ռեսուրսներ, թե՞ ոչ»

«Որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, դա որևէ մեկը չի ժխտում, և այդ քաղաքական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և ուրախալի է, որ գոնե հայտարարությունների մակարդակով իշխանությունը դա ընդունում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Քաղաքագետը շեշտում է, որ չգիտի՝ իշխանությունը գործնականում պատրա՞ստ է գնալ խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ, բայց համենայնդեպս իրենք հայտարարություններով նշում են, որ պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ լարված իրավիճակը կայունացնելու համար:

«Կարծում եմ, որ իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի և գնա այդ քայլին՝ անկախ նրանից՝ քաղաքական որոշ ուժեր համաձա՞յն են դրան, թե՞ ոչ, այլապես այս վիճակը կարող է երկար շարունակվել, և հանգուցալուծում չի լինի, որը կկայունացնի վիճակը: Իշխանությունները պետք է մի քանի քայլեր ձեռնարկեն՝ ընտրական օրենսգիրքը փոխեն, կուսակցությունների մասին նոր օրենք ընդունեն և հարմար միջավայր ստեղծելուց հետո գնան ընտրությունների»,- շարունակում է Վարդանյանը:

Ըստ նրա՝ դա է միակ ճանապարհը, որ կհանգուցալուծի ճգնաժամը:

Քաղաքագետը, անդրադառնալով 17 ընդդիմադիր ուժերի դիրքորոշմանը, նկատում է.

«Իրենց որոշ հայտարարություններ անհասկանալի է, օրինակ՝ երբ նրանք ասում են, որ չեն ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և իշխանությունը պետք է հանձնվի իրենց թեկնածուին: Սա անտրամաբանական, հակաքաղաքագիտական, նույնիսկ հակասահմանադրական է, որովհետև իրենք մեծ ներկայացվածություն չունեն և դրանով հանդերձ բերեն իրենց թեկնածուին և ասեն, որ նա պիտի լինի վարչապետ. անհասկանալի է: Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, և նույն տրամաբանությամբ վաղը-մյուս օրը 18-20 կուսակցությունները գան և ասեն, որ իշխանությունը մեզ պետք է տաք, արդյո՞ք դա տրամաբանական է, բնականաբար ոչ: Ուստի ստեղծված պայմաններում միայն ընտրությունների միջոցով կարող է ձևավորվել իշխանություն: Ժողովրդավարական պետություններում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը իր իշխանությունը ձևավորում է ազատ և արդար ընտրությունների միջոցով»:

Արմեն Վարդանյանը, անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցին եւ հնչեցրած հայտարարություններին, ընդգծեց.

«Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն այս փուլում այնքան էլ հակված չէ ավելի լայն կազմով հայկական լրատվամիջոցների հետ խոսել և պատասխանել իր համար տհաճ հարցերին: Նա ժամանակ առ ժամանակ հանդիպում է լրատվամիջոցների հետ, բայց իրեն լոյալ և բարեհաճ տրամադրված լրատվամիջոցների հետ: Օրինակ՝ նախորդ անգամ 3 լրատվամիջոցների հետ խոսեց, ովքեր նրա նկատմամբ բարեհաճություն ունեն, և 5-րդ ալիքին է հարցազրույցներ տալիս:

Քոչարյանը ուզում է գալ իշխանության և զբաղեցնել վարչապետի պաշտոնը, և այստեղ զարմանալի կամ պախարակելի բան չկա: Նա բացահայտ կերպով հայտնում է իր քաղաքական նկրտումների մասին, և այստեղ ես որևէ վատ բան չեմ տեսնում, բայց այլ հարց է, թե նա ինչպես կարող է գալ իշխանության, ունի՞ արդյոք այդպիսի ռեսուրսներ, թե՞ ոչ. դա արդեն հարցի մյուս կողմն է»,- եզրափակում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close