Նորություններ

«Թուրքերն այս պահին տեխնիկան տարել են, շենքի դիմացը քարերով են պատել և ասում են, որ իրենց շենքի ինքնապաշտպանության համար է». Որոտանի համայնքապետ

«Երկհարկանի շինությունը, որը գտնվում է Որոտան համայնքի ներսում և թուրքերի ձեռքն է ընկել, դրա դիմացը քանդում են և այս պահին պատել են քարերով: Այս պահին տեխնիկան տարել են, փորային աշխատանքներ չեն անում: Իրենք ասում են, որ իրենց շենքի ինքնապաշտպանության համար է»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը:

Որոտանի համայնքապետն ընդգծում է՝ չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել:

«Որոտանցիները միայն հոգեպես են ճնշվում, իսկ ընդհանուր առմամբ մարտական են տրամադրված, գյուղում խուճապային տրամադրություններ չկան: Ժողովուրդը իր բնականոն կյանքով ապրում է: Ճիշտ է, ոչ ոք չի կարող 100 տոկոսով երաշխիքներ տալ, բայց անվտանգության խնդիրը կա»,- ընդգծեց համայնքապետը:

Տեղեկություններ շրջանառվեցին, որ ադրբեջանցիները խոշոր գումարների դիմաց հայերից հողատարածք են գնում: Հարցին ի պատասխան՝ Օհանջանյանը հայտարարեց.

«Մեզ մոտ նման բան չկա, ես չգիտեմ ինչ են ասում, նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ սահմանազատման աշխատանքների արդյունքում Որոտան գյուղից 12 տուն անցել է Ադրբեջանին, նաեւ Որոտանի հարակից երկհարկանի շենքը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանն  սոցցանցի իր էջով տեղեկացրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում:

Նա մասնավորապես գրել է. «Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրեմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»:

Անահիտ Չալիկյան

Back to top button