Նորություններ

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:

Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

Երկուստեք կարևորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Մարզպետն ու դեսպանը պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել:

Հանդիպումից հետո Մեսրոպ Մեսրոպյանն ու Ջոնաթան Լաքոտն ուղևորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն լեզու: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Մարզպետն ու դեսպանը ստուգել են նաև երեխաների լեզվի իմացությունը:

Back to top button
Close