Նորություններ

Պողոս Պողոսյանի սպանության գործով նիստին որպես վկա դատարանում էր երգչուհի Նունե Եսայանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 20 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով դատական նիստը:

Այսօր գործով որպես վկա դատարան էր եկել երգչուհի Նունե Եսայանը, որը դեպքի օրը՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, գտնվել է «Առագաստ» սրճարանում:

Դատարանը, սակայն, չհասցրեց վկաներին անդրադառնալ, քանի որ ամբաստանյալ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը կրկին միջնորդեց հետաձգել դատական նիստը:

Նիստի հետաձգման մասին տեղեկանալուց հետո Նունե Եսայանը, դիմելով դատավորին, ասաց, որ ինքը վկա չի եղել՝ հավելելով, որ դեպքն իր գնալուց հետո է եղել: Դատավորը ի պատասխան ասաց, որ երգչուհին կա դատակոչի ցուցակում:

Նիստի ավարտին Նունե Եսայանից խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ իրեն գործով վկա չի համարում, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

armtimes.com

Back to top button
Close