Նորություններ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանը երկու հարց է ուղղել: Առաջինն այն մասին է, թե ռուսական կողմն ունի՞ տվյալներ, թե քանի հայ գերի է գտնվում Ադրբեջանում: Երկրորդ հարցը վերաբերում էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման ժամանակ քննարկված ճանապարհների ապաշրջափակման թեմային, և ինչ զարգացումներ կան այս հարցում:

Սկսելով երկրորդ հարցից՝ Զախարովան խորհուրդ է տվել հետևել ՌԴ կառավարության պաշտոնական կայքում փետրվարի 28-ին հրապարակված փաստաթղթին՝ փոխվարչապետների հանդիպման արդյունքների վերաբերյալ:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այնուհետև անդրադարձել է հայ գերիների հարցին:

«Այս հարցի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը տարբեր է, մենք այդ մասին մշտապես խոսում ենք: Երևանի հրապարակած թվերը պարբերաբար փոխվում են, իսկ Բաքվից այլ տեղեկություններ են տրվում: Զգալի տարբերության պարագայում մենք խորհուրդ ենք տալիս այս հարցով անմիջապես դիմել հայկական ու ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ, այդ թվում՝ 63-ը հայ, 16-ը՝ ադրբեջանցի:

Զախարովան կրկին ընդգծել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում՝ փոխանակման լավագույն բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է:

«Հուսով ենք՝ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել ողբերգական էջն ու կենտրոնանալ դրական օրակարգով շարժվելու վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»,- նշել է Զախարովան:

1lurer.am

Back to top button
Close