Նորություններ

«Բանակից կգամ, գյուղի սկզբում տուն եմ սարքելու, որ բոլորն իմանան, որ դա իմ տունն է». շիրակցի հերոսը զոհվեց հանուն հայրենիքի

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 19-ամյա Հրաչ Մահտեսյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 2019թ. դեկտեմբերին էր զորակոչվել բանակ: Մինչև պատերազմը Հրաչի պարտադիր զինվորական ծառայությունը անցել է Մեղրիի N զորամասում: Պատերազմի հենց սկզբից տեղափոխել են Արցախ՝ Ջեբրայիլի սահմանները պաշտպանելու, այնուհետև տեղափոխել են Իշխանաձոր: Հրաչ Մահտեսյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին:

«Սկզբում չէր ասել, որ Ջեբրայիլում է, հետո-հետո իմացա, որ Ջեբրայիլում է եղել: Ասաց՝ հոկտեմբերի 4-ին իրեն տեղափոխել են Ջեբրայիլ: Ամսի 6-ն էր, զանգեց, խաբեց, թե մեզ Մեղրի են տեղափոխել։ Ես հանգիստ էի, գիտեի, թե Մեղրի է գնացել, իրենց տեղը շատ լավն էր: Էդ ընթացքում էլ խոսում էի հետը ու ոչինչ չէի հասկանում, մտածում էի՝ իր տեղում է, ուղղակի պատերազմում տեսածն է պատմում:

Պատերազմի ընթացքում միշտ չէ, որ ստացվում էր հետը խոսել, բայց երբ չէր զանգում, գրում էր, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք:

Վերջին անգամ Հրաչի հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, և դրանից ժամեր անց դեպքը տեղի է ունեցել: Ասում էր՝ մամ ջա՛ն, էս ուրիշ կռիվ է, մեր կռիվն է. էս հարցը մենք պիտի լուծենք, որ մեր երեխաները չգնան կռիվ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մայրը՝ Ալմաստ Հարությունյանը:

Տիկին Ալմաստը պատմում է, որ որդին համեստությամբ ու իր տարիքին ոչ բնորոշ լրջությամբ էր աչքի ընկնում:

«Հրաչս ավագ որդիս է. շատ նվիրված էր ընտանիքին, փոքր եղբոր համար ոչ թե եղբայր, այլ հայր է եղել: Բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, ծանր, մեծ մարդու նման լուրջ էր: Մենք երբ իր հետ խոսում էինք, շատ զգույշ էինք խոսում, որ հանկարծ չնեղվեր: Շատ նպատակներ ուներ, ասում էր՝ բանակից կգամ, գյուղի սկզբում տուն եմ սարքելու, որ բոլորն իմանան, որ դա իմ տունն է: Սովորել չէր սիրում, բայց աշխատասեր էր, հողագործությամբ էր սիրում զբաղվել»,- շարունակում է հերոսի մայրը:

Ալմաստ Հարությունյանն ասում է, որ հպարտանում է իր որդով, բայց ոչ մի մոր համար մխիթարություն չկա «հերոս» բառի մեջ:

«Ինձ Հրաչի մարտական մեդալն են տվել, ես անգամ ձեռքս չեմ վերցրել. ճիշտ է՝ հպարտ եմ, որ այդպիսի երեխա եմ դաստիարակել, բայց այն գիտակցումը, որ էլ Հրաչս չկա, դաժան է ու ամենացավոտն է ինձ համար:

Փակ մարդ էր, ամեն մարդու հետ չէր կարող շփվել, շատ հազվադեպ մարդկանց հետ էր շփվում, չէր վազում շքեղ կյանքի»:

Տիկին Ալմաստն ասում է՝ պատերազմից հետո փոխվել է իր աշխարհայացքը, սկսել է ամեն ինչ վերարժևորել, հիմա ամեն ինչին այլ կերպ է նայում:

 

Back to top button
Close