Նորություններ

Ռազգիլդեևը շարունակում է նիստերին մասնակցել հեռավար․ դատարանը դա խախտում չի համարում

2021 թվականի մարտի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, շարունակվեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործի քննությունը։

Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։

Փետրվարի 3-ին կայացած դատական նիստին, երբ հրապարակվել էր մեղադրանքի եզրակափակիչ մասը, Ռազգիլդեևը նաև հրաժարվել էր պատասխանել դրա վերաբերյալ պարզաբանող հարցերին։

Բացի դրանից՝ դատարանը խախտում է Քրեական դատավարության օրենսգիրքը և չի ապահովում ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին։ Ռազգիլդեևը դատական նիստերին մասնակցում է հեռավար։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Նախորդ նիստերը պարբերաբար հետաձգվում էին տարբեր պատճառներով, իսկ փետրվարի 3-ին կայացած դատական նիստին էլ դատարանը չհիմնավորված արգելել էր ամբաստանյալին տեսանկարահանելը՝ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների նկատմամբ։

Չնայած մարտի 3-ին լրագրողները հնարավորություն ունեին մասնակցելու և նկարահանելու դատական նիստը, բայց ամբաստանյալին նկարահանել կրկին թույլատրված չէր։

Մարտի 3-ի նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։

Հաջորդ դատական նիստը մարտի 22-ին՝ ժամը 15։30-ին է։

Back to top button
Close