Նորություններ

ԱԺ–ն մերժեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին. քվեարկության արդյունքները

Խորհրդարանը մերժեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին։ ԱԺ–ում անցկացված փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ դատավորների ընտրությանը մասնակցել են 36 պատգամավորներ։

«36 քվեաթերթիկներից անվավեր ճանաչվեցին 8-ը։ Իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Սամվել Գրիգորյան` 0 ձայն, Արմեն Հայկյանց` 13, Արսեն Մկրտչյան` 15»,– ասաց Հովակիմյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը, հետևաբար ոչ ոք չի ընտրվել։

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ իշխող խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու;

Հիշեցնենք` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել ու չմասնակցեց ընտրությանը, թեև նրա անուն–ազգանունը մնացել էր քվեաթերթիկի վրա։

Իսկ Արմեն Հայկյանցի ու Արսեն Մկրտչյանի թեկնածությունների քննարկումները շուրջ երկու օր տևեցին, որից մեկը իշխող խմբակցության պատգամավորները նվիրեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին քննադատելուն։

Քննադատության հիմնական առարկան ԲԴԽ նախագահի` 2020 թ–ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին հայտարարությունն էր, որից հետո, նրանց դիտարկմամբ, դատարանը կալանքից ազատեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

 

Back to top button
Close