Նորություններ

«Փաշինյանի հետ համաձայնության չեկանք. ես ունեմ կամք՝ բանակցությունները շարունակելու, վարչապետն էլ ունի». Է. Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ չեն եկել համաձայնության, բայց սպասվում է բանակցությունների երկրորդ փուլ:

«Բանակցություններ վարել ենք, և ըստ էության, վարչապետը ԳՇ պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ»,- հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կլինի կամ պետք է լինի հանդիպում նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն ԼՀԿ-ի դիրքորոշումով չի կարող պրոցեսն առաջ գնալ:

«Խորհրդարանը չի կարող ցրվել միայն մեր դիրքորոշումով, և հետևաբար, երբ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ հանդիպում, կամ պարզ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, կարծում եմ՝ նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ մենք պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»:

Ինչո՞ւ համաձայնություն չեղավ, Մարուքյանը հայտարարեց.

«Վարչապետը 2 հարցը իրար հետ չի կապում, մենք 2 հարցը իրար հետ ենք կապել: Ես կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել:

Ես ինչ էի ասում, եկեք ԶՈՒ թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, և ընտրություններից հետո մնացածը կորոշվի: Այստեղ ընտրությունները հիմնարար խնդիրը լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ չլինեն, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ: Ես որևէ ձևով այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհ այլևս չեմ տեսնում:

Կա կամք՝ շարունակելու այս բանակցությունները, ես էդ կամքը ունեմ, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը հենց լինի, նորից կշարունակենք խոսել:

Վարչապետի հետ պայմանավորվեցինք, որ միայն մեր դիրքորոշումով չի կարող թեման փակվել:

Օրինակ՝ ես հրաժարվել եմ կամ հրաժարվում եմ, վարչապետի թափուր պաշտոնի պարագայում, առաջադրվելուց, բայց մյուս ուժը չի հրաժարվել, ապա այդ քննարկումը անիմաստ է դառնում: Դրա համար պետք է ընդհանուր կոնսենսուս ունենալ»,- շարունակում է ԼՀԿ ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ չի կարող պատկերացնել առանց ԳՇ խնդիրը լուծելու՝ արտահերթ ընտրություններ:

Մարուքյանը հույս է հայտնում, որ ինչ-որ ձևով կգտնվի խնդրի լուծման ճանապարհ, իսկ թե ոնց կգտնեն, դեռևս չգիտի, բայց ինքը պատրաստ է այդ ճանապարհը գտնելու, և դրա կամքը կա:

Back to top button
Close