Նորություններ

Ավտովթար-վրաերթ Արթիկում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 21144-ը. վերջինս էլ բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով գտնվում է անգիտակից վիճակում

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 19։10-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արկադի Հակոբյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի և Անուշավան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լեռնիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Հակոբյանի վարած ավտոմեքենան հարվածել է հետիոտն՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 65-ամյա Լաուրա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close