Նորություններ

Քաղաքական ճգնաժամի խորացման վերջակետը գործադիրի և ԳՇ-ի միջև առաջացած բախումն էր. Գ. Քեռյան

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բնութագրում եմ որպես քաղաքական խորացող ճգնաժամ, որը ծագել է պատերազմի պարտությունից հետո, որը հանդիսացավ հետևանք գործող իշխանության լեգիտիմության անկմանը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Ըստ քաղաքագետի՝ ճգնաժամը խորացել է և ինչ-որ մի կետի հասնելով լճացել է և այդպես էլ մնացել.

«Դրա լուծման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ իշխանության վերին օղակներում, կառավարման համակարգում և օրենսդիր-գործադիր իշխանությունների փոխհարաբերություններում»:

Գարիկ Քեռյանը մատնանշում է պատճառները, որոնք հանգեցրին այս լարված ներքաղաքական իրավիճակին:

«Սկզբնական շրջանում իշխանությունը վճռականորեն մերժում էր, որ կա քաղաքական ճգնաժամ: Հետո, երբ ընդդիմության ցույցերը դարձան բազմամարդ, վարչապետը խոստովանեց, որ կա քաղաքական ճգնաժամ և առաջարկեց արտահերթ ընտրություններ: Երրորդ փուլում ընդդիմությունը, փոխանակ ընդառաջ գնար, փորձեր մտնել ինչ-որ համագործակցային քննարկման մեջ, որպեսզի կազմակերպվեին արտահերթ ընտրություններ, մերժեց արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ՝ հույս ունենալով կրիտիկական զանգված հավաքել և փողոցային ճնշմամբ հասնել վարչապետի փոփոխության: Դրանից հետո իշխանությունը ինքնավստահորեն սուր ճոճեց և հայտարարեց, որ չկա ճգնաժամ, որովհետև չկա ընտրությունների հանրային պահանջ, և «Իմ քայլը» խմբակցությունը, գումարելով խորհրդակցություն, որոշեց, որ չկա հանրային պահանջ, ընտրություններ պետք չեն:

Բողոքի ցույցերն ու հանրահավաքները նորից շարունակվեցին: Վերջին հանրահավաքի ժամանակ վարչապետը նորից հետ գնաց իր առաջարկին, որ բերեք խոսենք արտահերթ ընտրությունների մասին, բայց այս անգամ ավելի երկարաձգելով այդ համաձայնությունը ինչ-որ միջանկյալ միջոցառումներով, այն է՝ Սահմանադրության փոփոխություն, օրենքների փոփոխություն, նույնիսկ կիսանախագահական կառավարական ձևի անցնելու միջոցառումներ, որը նորից ամեն ինչ խճճեց:

Քաղաքական ճգնաժամի խորացման վերջակետը գործադիրի և ԳՇ-ի միջև առաջացած բախումն էր: Ինչ է նշանակում, որ զինվորականությունը վիճարկում է գործադիր իշխանության լեգիտիմությունը: Գործադիր իշխանությունն էլ փորձում է հեռացնել զինվորական իշխանությանը այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է ռազմական դրության պայմաններում: Հայաստանում ամեն ինչը խառնվել է ամեն ինչին»,- շեշտում է քաղաքագետը:

Վերջինիս կարծիքով՝ պետք է նորից հետ գնալ Փաշինյանի առաջին առաջարկին. ստեղծել կլոր սեղան և շատ արագ տեմպերով, մեկ-երկու ամսվա մեջ հայտարարել ընտրությունների անցկացման օրը:

«Որից հետո քաղաքական ուժերը կթողնեն հրապարակներն ու փողոցները և կգնան իրենց նախընտրական ծրագրերը կազմելուն և ծրագրերով կներկայանան հասարակությանը նախընտրական քարոզարշավների ժամանակ, և ընտրված նոր իշխանությունը վերջ կդնի քաղաքական ճգնաժամին:

Հարցն այն է, որ արտահերթ ընտրությունը կբերի լեգիտիմ իշխանության, փողոցները կդատարկվեն, և կսկսվի Հայաստանը փակուղուց հանելու գործընթացը»,- եզրափակում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close