ՆորություններՔո ձայնը

Մեր դիմաց կանգնած են վախից ագրեսիվացած և իրենց մեղքերից փախչող պուճուր մարդիկ. Կ.Փաշոյան

Պատմաբան Կարպիս Փաշոյանը Փաշոյանը գրել է.

Ես այս իշխանությունների հետ բազմաթիվ գաղափարական ու մեթոդաբանական տարաձայնություններ եմ ունեցել դեռևս պատերազմից առաջ։ Բայց վերջին շրջանում տարաձայնությունները փոխարինվել են ֆիզիկական տհաճությամբ և չարացած արհամարհանքով։
Ո՛չ, պատճառը պատերազմում պարտությունը չէ, այլ պատերազմից հետո կառավարող թիմի վարքագիծը։ Իհարկե շատերը իմ վերաբերմունքը բացատրում են անձնական տրամադրվածությամբ, իբրև թե Նիկոլ Փաշինյանն ինձ հեռացրել է աշխատանքից և ես նեղացած եմ։ Սա էլ է տրամաբանական վարկած և մարդիկ իրավունք ունեն այսպես մտածելու։ Բայց աշխատանքի բերումով ես երբեք չեմ առնչվել Նիկոլ Փաշինյանի հետ և ինձ հեռացրել է Արարատ Միրզոյանը։ Ըստ այդ մարդկանց տրամաբանության ես առավոտից իրիկուն պետք է հայհոյեի հենց վերջինիս, բայց այս երեք տարիների ընթացքում Միրզոյանի մասին ես բացի լավից ոչինչ չեմ գրել։
Եթե պատերազմից հետո իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը իրենց մի փոքր արժանապատիվ պահեին, ապա վերաբերմունքն էլ ուրիշ կլիներ։ Այնպես չի, որ կաջակցեի կամ էլ կարդարացնեի, ընդամենը՝ մարդկային հարգանքը չէի կորցնի։
Բայց փոխարենը մենք ի՞նչ տեսանք, բարոյականության ամբողջական անկում, ստախոսություն, մանիպուլյացիա, մարտնչող տգիտության ցուցադրություն, չհիմնավորված լկտի ինքնավստահություն, վախկոտություն։ Եվ ամենակարևորը՝ պարտությունը արժանապատվորեն ընդունելու անկարողություն։ Մեր դիմաց կանգնած են վախից ագրեսիվացած և իրենց մեղքերից փախչող պուճուր մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ստորության և զազրելի արարքի, միայն թե խուսափեն պատասխանատվությունից ու չզրկվեն իրենց հարմարավետ կյանքից։ Ավելին՝ նրանք այնպես են քայլում, որ, կարծես թե, ոչինչ էլ չի եղել կամ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։
Կներեք, որ ես չեմ կարողանում հանդուրժել վախկոտ և ստախոս մարդկանց։
Արժանապատվորեն պարտվելը աշխարհի ամենադաժան և միևնույն ժամանակ ամենապատվաբեր երևույթներից մեկն է, բայց ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը հեռու է մեծագույն այդ առաքինությունից, նրանը պարտություն կեղծելն է, համատարած պարտվածների ու անշնչացած դիակների վրա հաղթանակ խաղալն է։
Կներեք, բայց ես ստախոսության տակ չեմ կարող ստորագրել։

 

Back to top button
Close