Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Հրազդանի  հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց  է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Մանվել Մելքոնյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է  օպերատիվ խումբը՝   բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close