Նորություններ

Գերեվարված զինծառայողների հարազատները Շիրակի մարզպետարանում են. նրանք փակել են մարզպետարանի մուտքը

Դեկտեմբերի սկզբներին Խծաբերդի հատվածում գերեվարված Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին: Նրանց պահանջը մեկն է՝ հստակ իմանալ, թե երբ են իրենց որդիները վերադառնալու, ով պիտի նրանց բերի, ինչ է լինելու:

Գերեվարված զինծառայողների ծնողները ընդգծում են, որ առ այսօր իրենց հարցերին պատասխան չի տրվել, միայն ասում են՝ համբերեք, սպասեք, լավ կլինի:

«Մեզ պետք է մեր երեխեքի հարցի լուծումը, ով պիտի մեր հարցին լուծում տա: Եթե չկա այդպիսի մարդ, թող պարոն վարչապետի հետ հանդիպում կազմակերպեն, բայց վաղվա օրով: Մենք վարչապետի հետ ունեցել ենք հանդիպում, բայց մեր հարցերին հստակ պատասխաններ չեն տրվել: Վաղը նորից հանդիպում ենք ուզում վարչապետի հետ, մեր երեխաների ճակատագրի մասին մեզ հստակ պատասխաններ են պետք: Այսօր-վաղը, այսօր-վաղը էլ հնարավոր չէ սպասել, մենք անելանելի դրության մեջ ենք: Մոլորված չգիտենք ում դիմենք, պատասխան չկա»,- ասում է գերեվարված զինծառայողներից մեկի մայրը:

Շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատները պահանջում են իրենց տղաներին վերադարձնել.

«Մարտի 8 է, գոնե երեխեքին բերեք տվեք իրանց ծնողներին՝ ուրախանան, էլ ուրիշ բան չենք ասում: Ամեն ամսվա վերջին ասում են՝ էս ամսվա վերջին կբերենք, էս ամսվա մինչև 15-ը կբերենք, բայց 12 ամիս կա, ու կարող ա մենք էսպես տարիներով սպասենք ամսվա վերջին: Մենք էստեղ սպասում ենք, իսկ էն տղաների վիճակը պատկերացրեք. ու ինչքա՞ն պիտի սպասենք:

Մեր երկրի վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը թող գա մեզ վերջնական պատասխան տա՝ ինչ պիտի լինի այս հարցը:

Ինչքան սպասենք, 80 օրից ավելի մեր երեխեքին չենք տեսել, էլ ի վիճակի չենք սպասելու»,- ասում են գերեվարված զինծառայողների մայրերը:

Մեկ այլ գերեվարված զինծառայողի հայր էլ ասում է.

«Ինչքան երկարում է այս գործընթացը, այնքան երեխեքի դրությունը ավելի վատանում է, մենք խնդրում ենք, որ մեր ղեկավարությունը երեխեքին վերադարձնեն: Մենք ծնող ենք, ու էս կանայք լաց ու կոծով ամբողջ օրը էստեղ են, մինչև ե՞րբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երեխեքը սաղ-սալամաթ վերադառնան մեզ. մենք ինչ ձևով հանձնել ենք, այդ ձևով ընդունենք։

Մենք այսօր դարձել ենք հոգեկան հիվանդ, էս ժողովուրդը տանջանքի մեջ, գետինները նստած, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»:

Ծնողներն ընդգծում են, որ իրենց որդիները գերեվարվել են զինադադարից 1 ամիս անց, խաղաղ պայմաններում:

Շիրակցի գերեվարված զինծառայողների ծնողները շեշտում են, որ շարունակելու են մնալ այնքան, մինչև գա այն մարդը, ով ռեալ կպատասխանի իրենց հարցերին և կտա դրանց լուծում:

«Մենք գնալու տեղ չունենք, չգիտենք՝ գլուխներս առնենք ուր գնանք… խելագարության են հասցրել ծնողներին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբներին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդի հատվածում 62 անձ է գերեվարվել, նրանք Շիրակի մարզից են: Հավելենք, որ նրանցից 8-ն արդեն վերադարձել են ընտանիք:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close