Նորություններ

Ներկայացվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020 թվականի տարեկան հաշվետվությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների քառամյա ռազմավարության կատարողականի քննարկումը։

Վերջինին մասնակցել են նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Արդարադատության նախարարության, ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Հովհանիսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ռազմավարությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխման ուղղությունները մատնանշող առաջին և համապարփակ փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում իրականություն դարձնել այս ոլորտներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը:

«Ռազմավարության ընդունումից անցել է շուրջ մեկ տարի, և ուրախությամբ պետք է նշեմ, որ, առաջնորդվելով արդեն իսկ նախանշված ուղղություններով, Արդարադատության նախարարությանը հաջողվել է գրանցել դրական արդյունք՝ ապահովելով ռազմավարական մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը»,- ընդգծել է Արմեն Հովհաննիսյանը և հորդորել մասնակիցներին լինել ակտիվ, ցանկացած մտահոգություն բարձրաձայնել, և եթե լինեն առաջարկներ, որոնք միտված են ռազմավարական միջոցառումների կատարելագործմանը, դրանք ավելի թիրախավորված դարձնելուն, ապա դրանք ևս նշել, քանի որ քննարկման արդյունքներով Արդարադատության նախարարությունը Կառավարությանը ներկայացնելու է նաև ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկների փաթեթ:

ԱՆ ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին հանդիպմանը ներկա լինելու համար և անդրադարձել նախորդ տարում ձեռնարկված ռազմավարական միջոցառումների արդյունքներին։ Այսպիսով, 2020 հաշվետու ժամանակահատվածում կատարման համար նախատեսված է եղել 52 միջոցառում, որից ամբողջությամբ կատարվել է 29-ը, մեծամասամբ կատարվել են 9 միջոցառումներ, 12 միջոցառում կատարվել է մասնակի և երկուսը կատարված չէ՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով։ Արձանագրված հաջողության համար Վարչության պետը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Հայաստանի համար չափազանց բարդ տարում Նախարարության կողքին լինելու և համատեղ ջանքերի շնորհիվ նման արդյունք գրանցելու համար, և միաժամանակ ընդգծել, որ շարունակվելու է հետևողական աշխատանք տարվել ձեռք բերված արդյունքները պահպանելու, միջոցառումների ամբողջական կատարումն ապահովելու ուղղությամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են 2020 թվականին կատարված աշխատանքները, միջոցառումների իրականացման փուլում ծագած խնդիրները` հիմնականում պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) հաստատված արտակարգ, ապա նաև ռազմական դրությամբ և այլ հարցեր։

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Back to top button
Close