Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Հայ-ադրբեջանական պատերազմը՝ սթրես-թեստ. թուրք-իրանական հարաբերությունները սրվում են

Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական-դիվանագիտական սկանդալ էր ծագել իրաքյան ուղղությամբ, գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Regnum-ում: Իրաքի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ ալ-Հալբոուսին կոչ էր արել Իրանի և Թուրքիայի դեսպաններին` հարգել Իրաքի ինքնիշխանությունը և չմիջամտել ներքին գործերին: Բանն այն է, որ Իրաքում Իրանի դեսպանը հայտարարություն էր տարածել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ անելով կասեցնել ռազմական ներկայությունն Իրաքում և հարգել միջազգային սահմանները:

Նա նշել է, որ թուրքական ուժերը չպետք է սպառնալիք ներկայացնեն իրաքյան տարածքի համար և Իրաքի անվտանգության ապահովումը թողնեն բացառապես ազգային ուժերին: Ի պատասխան Անկարան ԱԳՆ կանչեց Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամեդ Ֆերազմենդին, որին, ըստ թուրքական «Անադոլու» պետական ​​գործակալության, ասել են, որ «Թուրքիան ակնկալում է Իրանի աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, այլ ոչ թե հակազդեցությունը»:

Թվում էր միջադեպը դրանով կարելի է համարել հարթված: Բայց հետո Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարություն արեց՝ ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ: Նա հայտարարեց, որ Թեհրանը մերժում է Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում, և համարում է, որ Անկարայի քաղաքականությունը Դամասկոսի և Բաղդադի նկատմամբ սխալ է:

Ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ հենց այդ ուղղության վրա իրանա-թուրքական հարաբերությունները սկսեցին սրվել: Ի վերջո Թուրքիան մի քանի տարի ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ( PKK ) դեմ, որին համարում է «ահաբեկչական», իսկ հյուսիսային Սիրիայում սատարում է սիրիական ընդդիմությանը և բացահայտ դեմ է Դամասկոսին: Միևնույն ժամանակ, Անկարան և Թեհրանը մասնակցում են սիրիական կարգավորման Աստանայի գործընթացին:

Մի քանի պատճառ կա. դրանք ակնհայտ չեն, թեեւ մասնագետները մի քանի վարկած են առաջ քաշել:

Առաջին. Անկարան նախաձեռնողական գործողություններ է ձեռնարկում՝ ենթադրելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարածաշրջանում ավելի ակտիվ կխաղարկի «քրդական խաղաքարտը»՝ ապավինելով Իրաքյան Քուրդիստանին:

Երկրորդ. Անկարան կասկածում է, որ Թեհրանը համագործակցության մեջ է մտել PKK-ի մի մասի հետ, թեեւ ավելի վաղ Անկարան և Թեհրանը համատեղել էին Էրբիլի վրա ճնշում գործադրելու ջանքերը և համակարգված ռազմական հարվածներ հասցրել Իրանի, Իրաքի և Թուրքիայի սահմանների մոտ թաքնված քրդական ռազմական կազմավորումներին:

Հիմա, կարծես, թուրք-իրանական գործընկերությունը սկսել է խոչընդոտների հանդիպել Սինջարի հակամարտության պատճառով, որը համարվում է ոչ միայն եզդիների պատմական հայրենիքը, այլ նաև այնտեղ ապրող թուրքմենների շահերի գոտին, ովքեր կողմնորոշված ​​են դեպի Թուրքիան և առաջ են տանում Իրաքում սեփական ինքնավարություն ստեղծելու գաղափարը:

Տարբեր աղբյուրների համաձայն, միայն Իրաքում բնակվում է այդ ազգության 600 հազարից 3 միլիոն ներկայացուցիչ: Սրանք Միջնադարում վերաբնակեցված գաղութարարների հետնորդներն են, թյուրքալեզու ցեղերի ներկայացուցիչները, ովքեր պետք է պաշտպանեին օսմանյան թուրքերի կողմից գրավված արաբական և քրդական տարածքները սահմանային շրջաններում՝ կոմունիկացիոն գծերի և ամրոցների երկայնքով: Այս պատմական առանձնահատկությունը մեծապես կանխորոշում է այդ փոքրամասնության ներկայիս դիրքավորումը: Նրանց «բնակության շրջանը» ձգվում է հյուսիսից հարավ՝ Թալ Աֆար քաղաքից մինչեւ Դիյալա նահանգի գյուղեր՝ ներառյալ նրանց ու քրդերի համար այնպիսի «պաշտամունքային» քաղաքները, ինչպիսիք են Մոսուլը և Էրբիլը: Հատկապես նրանց թիվը շատ է եղել Նայնավա, Քիրքուկ և Դիալա նահանգներում, եւ հենվելով նրանց վրա՝ Անկարան հույս ունի ինչ-որ կերպ չեզոքացնել քրդական գործոնի նշանակությունը:

Վերջապես կա մի երրորդ վարկած, որն այլևս էկզոտիկ չի թվում: Ադրբեջանի համար հաջող ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Անկարան ակտիվորեն աջակցում էր Բաքվին, Թուրքիայի ազդեցությունն այսպես կոչված իրանական Ադրբեջանում սկսեց նկատելիորեն աճել, և այդ խնդիրը դառնում է սթրես-թեստ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների համար:

Որոշ փորձագետներ նշում են, որ Էրդողանը պատրաստվում է իրանական Ադրբեջանը վերածել Ղարաբաղի անալոգի: Թեհրանը կասկածում է, որ Էրդողանը մտադիր է Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծել «Թյուրքական աշխարհի երկրների և ժողովուրդների դաշինք»: Այժմ Իրանի առջև խնդիր է դրված ակտիվացնել կենտրոնացված կառավարման ներքո գտնվող, «պարսկական» ազգայնականության հակումով շիա և պարսկախոս ազգերի կազմավորման և հզորացման գործընթացը:

Ահա թե ինչու միայն ընդհանուր քաղաքական դատողությունները բավարար չեն Իրանի և Թուրքիայի միջև առկա հակասությունները բացատրելու համար: Դուրս է ցցվում արածաշրջանի պատմական մատրիցան, ինչը Իրաքից, Լիբիայից և Սիրիայից հետո պոտենցիալ սպառնում է նաեւ Իրանի մասնատմանը: Պատմականորեն օսմանա-սեֆյան պառակտումը երկու թյուրքական դինաստիաների մրցակցության արդյունք է, որոնք համապատասխանաբար սունի իսլամ և շիական սուֆիզմ են դավանում: Ժամանակակից պատմության մեջ Թուրքիան և Իրանը գնում են նույն ուղով: Միևնույն ժամանակ, Անկարան և Թեհրանը Իրաքում և Սիրիայում հակամարտություններն ընկալում են որպես իրենց տարածաշրջանային ազդեցությունն ուժեղացնելու հնարավորություն՝ տարբեր «խաղաքարտեր» խաղարկելով:

Ճիշտ է, սիրիական ճգնաժամը մի կողմից դրդեց Իրանին և Թուրքիային ընդհանուր սպառնալիքի դեմ համատեղ պայքարի, մյուս կողմից երեւան հանեց պատմական խնդիրները, որոնք փաստարկներ են դառնում ժամանակակից իրական քաղաքականության մեջ:

 

 Աղբյուր՝ regnum.ru

Back to top button
Close