Նորություններ

Նախագահը ընտրեց երրորդ ճանապարհը՝ անհայտ լուծումով ու լարվածության նոր չափաբաժնի ապահովմամբ. Ա.Պապիկյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի հրամանագրի նախագիծը:  Առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քաղաքագիտությանը անհայտ վիճակ է, ապա նախագահը կարող էր կայացնել անհամար թվով հնարավոր որոշումներից մեկը։ Դասական պայմաններում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը պետք է ազատվեր իր զբաղեցրած պաշտոնից. նախագահը այլ կերպ չէր կարող վարվել։ Բայց մերն ուրիշ է։ Արդեն 30 տարի ստեղծվում է անհեթեթ վիճակ, վտանգվում երկրի ինքնիշխանությունը, ու ճիգեր գործադրվում այդ ամենը հաղթահարելու ուղղությամբ։ Այս ամենը բնորոշ է գաղութացված պետությանը։

Վերադառնալով նախագահի որոշմանը՝ պետք է նշեմ, որ նա ընտրեց երրորդ ճանապարհը՝ անհայտ լուծումով ու լարվածության նոր չափաբաժնի ապահովմամբ»,- հայտարարեց փաստաբանը։

Պապիկյանի խոսքով՝ ԳՇ պետի պաշտոնավարումը արդեն իսկ դադարեցված է իրավունքի ուժով, թեև սահմանադրական ուղղակի կարգավորում չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահին՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու համար, շաբաթ օրը Արմեն Սարգսյանը առարկություններով հետ էր ուղարկել միջնորդությունը։ Վարչապետը ժամեր անց միջնորդությունը կրկին  ուղարկել է նախագահական։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close